ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԴԱՏ Է ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն իր քայլերով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ անարձագանք թողնելով Հայաստանի հետ սահմանին ռուս սահմանապահներ կամ միջազգային դիտորդներ տեղակայելու Երեւանի առաջարկը, բարձրաձայնելով «Զանգեզուրի միջանցքի» մասին ու այդպիսով փաստացի արգելափակելով ուղիների վերաբացումը եւ, վերջապես, հրաժարվելով վերադարձնել հայաստանցի ռազմագերիներին։ Երեկ՝ կառավարության նիստի սկզբում, այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը նախանձախնդիր կերպով շարունակելու է հետապնդել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. «Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական եւ արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, եւ Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին որեւէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի, եւ  առավել կարևոր է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակությունը, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում եւ ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ – ասաց Փաշինյանը` շարունակելով,- Իմ մեկնաբանությունը միանշանակ է. Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար»:

«Մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, եւ ռուսաստանցի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը դեմ է նաեւ սահմանազատման աշխատանքներին՝ ասպարեզ բերելով կեղծված քարտեզներ եւ դրանց օգնությամբ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Սոթք-Խոզնավար հատվածի որոշ տեղանքներում։

«Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նույնպես՝ տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների եւ/կամ միջազգային դիտորդների տեղակայում եւ միջազգային հովանու ներքո սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն ու մեկնարկ:

Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ մենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որեւէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը եւ առաջարկին», – նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Հայաստանի հետ խաղաղությանն ու սահմանազատմանն է երեկ անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հայտարարելով, թե Երեւանը պատրաստ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, այդ առումով Երեւանից որեւէ արձագանք չկա, ինչպես նաեւ Հայաստանը խուսափում է Ադրբեջանի հետ սահմանազատումից։

Ալիեւը հավելել է, թե Զանգեզուրը, Սեւանն ու Երեւանը ադրբեջանցիների «հայրենի հողն է»։

Նիկոլ Փաշինյանը երեկ հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս հրապարակավ ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի այս ապրիլի 13-ի հայտարարությունը, որում նշված է ղարաբաղյան հակամարտության վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման ձեռքբերման մասին՝ «կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա»:

«Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով եւ բովանդակությամբ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների եւ հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնելով, որ նախորդ ամիսներին հայկական կողմը երկու զոհ է տվել սահմանին, Հայաստանը վերադարձրել է 104 ռազմագերու՝ Փաշինյանը ընդգծեց, որ Երեւանը շարունակելու է աշխատել բոլոր ռազմագերիների վերադարձման, Արցախի հարցի համապարափակ կարգավորման, սահմանազատման եւ տարածաշրջանային ուղիների վերաբացման ուղղությամբ։

«Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ», – ասաց կառավարության ղեկավարը:

Ն.Հ.

 

 

ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՈՒՂԱՐԿԵԼ ԵՆ

ՀՀ ԿԸՀ-ն նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող մեղադրանքի առաջադրման եւ այլ դատավարական գործողությունները կատարելու։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ իրավապահները ծանուցման թերթիկ են տարել Առուշանյանի բնակարան, սակայն վերջինս տանը չի եղել: Ծանուցումը ուղարկել են նաեւ Գորիսի քաղաքապետարան, որտեղ հայտնել են, որ Առուշ Առուշանյանն արձակուրդի մեջ է: Եթե քաղաքապետը չներկայանա, նրան կրկին բերման կենթարկեն: Ի դեպ, Առուշանյանի հարցով զբաղվում է միանգամից երկու քննչական մարմին՝ ՀՔԾ-ն եւ ՀՀ քննչական կոմիտեն:

 

ՆՎԱԶԵԼ Է

Հայաստանում այս տարվա հինգ ամիսներին արտադրվել է ավելի քիչ հաց, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 110 հազար 218 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 112 հազար 764 տոննա հաց: Ստացվում է, որ հացի արտադրության ծավալները այս տարվա հինգ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.3 տոկոսով է նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Քանի որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։ Ի դեպ, այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 78 հազար 2 ուղեւոր:

 

ԹՈՒՐՔԸ ՀԱՏԵԼ Է ՍԱՀՄԱՆԸ

Ընտրությունների հաջորդ օրը հայ-թուրքական սահմանին ուշագրավ  դեպք է տեղի ունեցել:  Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Յըլմազ Էրգինը 2021թ. հունիսի 21-ին՝ ժամը 20:05-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը եւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի վարչական տարածքում տեղակայված թիվ 40 սահմանապահ ջոկատի «Երվանդաշատ» ուղեկալի 9-րդ տեղամասում հաղթահարելով ինժիներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել ՀՀ, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից: Այսինքն՝ Յըլմազ Մուսայի Էրգինը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով:

 

 

ՄՈՐԸ ՉԵՆ ԳՏԵԼ

Գյումրու Ավտոկայան թաղամասում հայտնաբերված նորածնի մորը դեռ չեն գտել։ Այս մասին հայտնել է Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը։ «Երեխայի մորը գտնելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են։ Բոլոր ուղղություններով հավասարապես քննություն ենք կատարում, որպեսզի հայտնաբերենք մորը, բայց այս պահի դրությամբ մոր ինքնությունը դեռ հայտնի չէ»,- նշեց նա։ Նորածինը շարունակում է մնալ Գյումրու Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում։ Նրա վիճակը բավարար է։ «Քաշը գնալով ավելացնում ենք։ Առողջական խնդիրներ չունի։ Դեռ չգիտենք, երբ դուրս կգրվի, մենք դրանով չենք զբաղվում, քանի որ գործընթացներ են ընթանում երեխային մանկատուն ուղարկելու ուղղությամբ»,- ասել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի առավոտյան Գյումրու Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում, հայտնաբերվել էր տղա նորածին։ Նորածին լքելու փաստով հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 34-106 հոդվածի հատկանիշներով:

 

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ

Կառավարությունն իր նիստում որոշեց պետական պաշտոնյաների, պետական պահպանության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումն իրականացնելու համար ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը հատկացնել լրացուցիչ 113 մլն դրամ: Ակնկալվող արդյունքը պետական պահպանության ծառայության բնականոն գործունեության ապահովումն է: Ֆինանսների նախարարությունը, սակայն, եզրակացություն է ներկայացրել, որում ասվում է. «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Պետական պահպանության ծառայությանը հատկացված ընդհանուր միջոցներում ազատ միջոցներ առկա չեն վերաբաշխում կատարելու համար»:

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԹՄՐԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Այգեպարի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ իր առանձնատանը կից այգում ապօրինի թմրանյութ է աճեցնում: Ոստիկանները նրա այգում հայտնաբերել է ապօրինի աճեցված կանեփանման բույսի 22 թուփ: Տանտերն ասել է, որ այն աճեցրել է սեփական օգտագործման համար: Ոստիկանները նաեւ առանձնատան նախասրահի պահարանին դրված պոլիէթիլենային պարկի մեջ հայտնաբերել են 5 փաթեթ չորացված մանրացված մարիխուանայի նմանվող զանգված՝ ավելի քան 13 գրամ քաշով: Դրանք ուղարկվել են փորձաքննության:

 




Լրահոս