ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՔ ԵՎ ԱՎԵԼԻ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը սահմանեց Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ այսօր խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրականացման պայմանները, նաեւ կադրերի վարձատրությունը:

 

«Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար մի դեպքում ելակետային է համարվում երեխաների միջին խաճախումների թիվը, մի դեպքում՝ պլանային թիվը: Արդյունքում ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում»,- ասաց նա: Հաստատությունների անձնակազմի վարձատրությունների չափը միեւնույն ստաժի եւ կրթական ցենզի առկայության պայմաններում շատ տարբեր են: Ըստ Դումանյանի, ներկայացվող ֆինանսավորման կարգը նպատակ ունի կարգավորել դաշտը՝ առաջարկելով ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետեւյալ ժամանակացույցը. հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետեւյալ խմբերի սաների համար՝

l 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

l 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,

l 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք եւ ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,

l 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար։

«Պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կազմում է շուրջ 425 հազար դրամ տարեկան կտրվածքով: Ենթադրվում է, որ պետական բյուջեի ծախսային մասը կավելանա»,- ընդգծեց Դումանյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Փաստորեն, 2022-ի սեպտեմբերի 1-ին հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ ուսուցիչների աշխատավարձի որոշակի բարձրացում տեղի ունենա որոշակի հատվածներում: Ես առաջարկում եմ՝ պայմանավորվենք, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո: Այսինքն՝ մենք բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում»:

Նա նաեւ հավելեց, որ 3-րդ եւ ամեն հաջորդ երեխայի համար սահմանում ենք նպաստ, որն անվանում ենք տուրք այդ ընտանիքին: «Մենք բավականին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին:

Մենք պետք է պայմանավորվենք, որ կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

 

 

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից եւ ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի եւ տառերի համադրությամբ համարանիշ, մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի դեպքում էլ՝ վճարելով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված մեծ պահանջարկ ունեցող համարանիշ ստանալու համար հաստատագրված լրացուցիչ գումարը։ Նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների եւ դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց պայմաններում համարանիշերի գողության եւ կորստի դեպքում վերջինիս օգտագործողին կհատկացվի նույն համարանիշի կրկնօրինակը։

Ինչպես նշել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, որոշմամբ զույգ համարանիշերի կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ պետական տուրքի վճարի դիմաց՝ 12 հազար դրամ, կհատկացվի համարանիշների կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ: «Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է Ոստիկանության կողմից համարանիշերի կրկնօրինակները հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար: Որոշման գործողությունը տարածվելու է 2020թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա»,- ասել է Վահե Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ընդունված որոշումը եւ նշել. «Գիտեք, որ Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում գողության նոր տեսակ է հայտնվել. գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշերը եւ սեփականատերերից դրամ շորթելով՝ վերադարձնում են: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահ մարմինները մի քանի այդպիսի խմբեր բացահայտել եւ ձերբակալել են, բայց մենք որոշեցին այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել հետեւյալ որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ այդ պարագայում քաղաքացին ոչ թե ստիպված կլինի համարանիշի վերադարձի համար մեծ գումար վճարել, այլ ուղղակի պետական տուրքով կստանա համարանիշի կրկնօրինակը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր որոշում է այդ խնդիրն արմատապես լուծելու համար»:

 

 

ՄԱԿ-ՈՒՄ ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼ Է ՄԻՊ-Ի ՏԵՍԱՈՒՂԵՐՁԸ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը. ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձնանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով: Այս մասին փոխանցում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների արարքների եւ հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի հասնող ռասիստական ինստիտուցիոնալ քաղաքականության առկայությունը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ ապացույցների վրա հիմնված զեկույցները հաստատում են, որ ներկայում այդ քաղաքականությունն արտացոլվում է ՀՀ սահմանային գյուղերի հարեւանությամբ եւ Հայաստանի համայնքների միջեւ ճանապարհներին ապօրինի ներկա ադրբեջանական զինծառայողների արարքներում: Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ավելի քան 300 տեսանյութի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից: Այս ամենը հաստատվել է սպանված հայերի մոմե կերպարների ու սաղավարտների, այսպես կոչված, «հաղթանակի ավար» պուրակի բացմամբ Ադրբեջանի մայրաքաղաքում: Այն շղթայված պատանդների պուրակ է: Մարդկային տառապանքների թանգարան է, թանգարան, որ ստեղծվել է ռասիզմը խթանելու համար: Այս բոլոր փաստերը հաստատում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի եւ Հայաստանի բնակչության դեմ:

 

 

ՇԱԲԱԹԱԿԱՆ 3 ՉՎԵՐԹ

«Ուրախ ենք տեղեկացնել, որ տեւական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, եւ սույն թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը»,- տեղեկացրել է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)-Երեւան-Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Ֆրանկֆուրտից Երեւան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի եւ կիրակի օրերին, իսկ Երեւանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին: «Մենք՝ որպես Lufthansa խմբի ավիաուղիներ, ուրախ ենք ավելացնել մեր ներկայությունը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում եւ ներկայացնել մեր նոր՝ Երեւան-Ֆրանկֆուրտ ուղղությունը՝ շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ: Austrian ավիաուղիների՝ դեպի Երեւան իրականացվող չվերթերի 20 տարվա արդյունավետ գործունեությունից հետո, սկսած օգոստոսի 13-ից, մեր խոշոր ավիափոխադրողներից մեկը՝ Lufthansa-ն, մուտք է գործելու շուկա եւ Հայաստանից մեկնող մեր ճանապարհորդներին աշխարհին միանալու ավելի շատ հնարավորություններ է առաջարկելու: Այս նոր միացումներով Lufthansa խումբը շուտով կառաջարկի շաբաթական մինչեւ 16 չվերթ հաճախականությամբ չվերթեր Երեւանից Վիեննա, Բրյուսել, Քյոլն եւ Ֆրանկֆուրտ»,- նշել է վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

 




Լրահոս