ՀԱՐՑ. Մի քանի օր առաջ մի աղջիկ տանս դուռը թակեց ու ասաց, թե «Մոզայիք Էյ Էմ» կազմակերպության կողմից սոցիոլոգիական հարցումներ է իրականացնում: Սիրով համաձայնեցի ու սկսեցի պատասխանել: Բայց երբ նա սկսեց մանրամասնել ու հարցնել, թե աշխատավարձս ինչքան է, մեր հեռախոսահամարը եւ այլն, ես սկսեցի վախենալ: Հարցրեցի նրան, թե ով է պատվիրատուն, որն է նպատակը, նա պատասխանեց, որ չգիտի: Կխնդրեի իմանալ, թե դա ինչ կազմակերպություն է, եւ ով է պատվիրատուն: Եւ ընդհանրապես, այդ հարցումների նպատակը ո՞րն է: Կարինե Կարապետյան, 50 տարեկան, տնային տնտեսուհիՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու մտավախությունը հասկանում եմ, քանի որ հիմա տարբեր տիպի սոցիոլոգիական հարցումների անվան տակ տարբեր նպատակներով մարդկանց տներն են մտնում: Դրա համար մենք մեր բոլոր աշխատակիցներին մեր կնիքով եւ մեր տնօրենի ստորագրությամբ տալիս ենք տեղեկանք, որպեսզի հարցեր չառաջանան: Ինչ վերաբերում է պատվիրատուին, ապա պատվիրատուն մեզ հետ կնքած պայմանագրով պետք է լինի անանուն, այսինքն` մենք մեր հարցումներն իրականացնելու ժամանակ պատվիրատուի անունը չենք ասում: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ տվյալ քաղաքացու համարն ու հասցեն են ճշտել, ապա դա ընդամենը նրա համար է, որ մենք իմանանք, որ աշխատակիցն իր աշխատանքը ճիշտ է կատարում: Հարցման նպատակն այն է, որ հետազոտում ենք, թե Հայաստանի մասշտաբով կոմունիկացիոն շուկան ինչ վիճակում է գտնվում: Ինչպես տարբեր կազմակերպությունների կողմից այլ տեսակի հացումներ են իրականացվում, օրինակ` մարդիկ ինչու են մեկնում արտասահման եւ այլն, մենք էլ ուզում ենք իմանալ, թե ինչ զարգացումներ ունի կոմունիկացիոն շուկան Հայաստանում: Հարցումները միայն քաղաքացու ցանկությամբ են իրականացվում, ու նա է որոշում` մասնակցի՞ հարցմանը, թե՞ ոչ:«Մոզայիք Էյ Էմ» կազմակերպության ղեկավար Մերի Պողոսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին շրջանում բնակարանային հարցումներ կազմակերպելն այնքան տարածված ու հաճախակի է դարձել, որ մարդիկ սկսել են խուսափել դրանց մասնակցելուց, ինչպես նաեւ կասկածի տակ առնել իրենց վերաբերյալ բոլոր տվյալները ճշտելու մեկը մյուսին հաջորդող չսպասված նախաձեռնությունները: Բնակարանային գողությունների ակտիվացումներն էլ ավելի են դժվարացրել սոցհարցում անողների աշխատանքը, քանի որ մարդիկ պարզապես խուսափում են դուռ բացել անծանոթների առջեւ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ