Մենք աշխատում ենք, որ Հայաստանը հնարավորություն ունենա ձեռք բերել «Moderna» տեսակի պատվաստանյութը. Նուբար Աֆեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտխորհրդի անդամների հետ համատեղ անցկացվեց հանդիպում՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ:

Հասարակությանը հետաքրքրող հարցերը՝ կապված պատվաստման գործընթացի, համաճարակային իրավիճակի, համավարակի ազդեցության, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորությունների մասին քննարկվեցին ԵՊԲՀ մասնագետների և հայազգի գիտնականի կողմից:

Հանդիպման մեկնարկին, բարձր գնահատելով բժշկագիտության ոլորտում ունեցած ներդրումն ու հաջողությունները, ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
«Մեր հայրենակիցն ամենահայտնի պատվաստանյութերից մեկի ստեղծողն է»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ պատվաստումների հարցը համարելով օրակարգային:

Նրա խոսքով՝ հանրային լրջագույն խնդիր է ապահովել պատվաստումների այնպիսի ծածկույթ, որը հնարավորություն կտա նվազեցնել վիրուսի տարածման ռիսկերը:

Նուբար Աֆեյանը շեշտեց, որ հետաքրքրված է Հայաստանի հետագա ծրագրերով՝ հաշվի առնելով համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը: «Պատվաստումների մասին պատկերացում կազմելու համար պետք է տարբերակել ճիշտ և սխալ տեղեկատվությունը: Կարևորը, որ որոշումները հիմնվեն գիտության վրա»,-շեշտեց նա՝ հավելելով. «Մեր ընկերությունը 10 տարի առաջ զբաղվում էր այնպիսի գործունեությամբ, որի նպատակն էր ստեղծել մի դեղամիջոց, որը մարդու բջիջներում կարողանա առաջացնել մեզ անհրաժեշտ սպիատակուցը: Մոտ 6 տարի առաջ աշխատեցինք մեր ստեղծած տեխնոլոգիան փորձել որպես պատվաստանյութ: Իրականում, մեր աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան կորոնավիրուսային համավարակի ի հայտ գալը»,- ներկայացնելով պատվաստանյութի ստեղծման նախապատմությունն ու գրանցած հետագա հաջողությունները՝ նշեց Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով, որ «Moderna»-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում և շուրջ 500 միլիոն դեղաչափ արդեն օգտագործվել է կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստելու նպատակով:

Նուբար Աֆեյանը պատասխանեց համալսարանական մասնագետներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես անդրադառնալով հարցին՝ ինչպես է ազդում պատվաստանյութն արդեն վիրուսով հիվանդացած և լավացած մարդկանց վրա: Ըստ Նուբար Աֆեյանի՝ տարբերությունն էական չէ:

Անդրադառնալով՝ կա՞ արդյոք հակամարմինների նվազագույն շեմ, որն ինչպես պատվաստված, այնպես էլ արդեն վարակված մարդկանց կարող է պաշտպանել, ի պատասխան հայ գիտնականը հավելեց, որ դեռևս ընդունված շեմ չկա, սակայն համավարակի ուսումնասիրությամբ զբաղվող տարբեր գիտական կենտրոններ աշխատում են այդ ուղղությամբ:

ԵԲՊՀ մասնագետների կողմից հնչեցված հաջորդ հարցը վերաբերում էր կորնավիրուսի մուտացված տեսակներին և նրան, թե պատվաստումից հետո որքա՞ն ժամանակ է կարելի պաշտպանված լինել դրանից: Նուբար Աֆեյանն ասաց, որ այս հարցը նույնպես տարբեր ընկերությունների կողմից ուսումնասիրությունների առարկա է և արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերը, որոնք հակամարմին են առաջացնում covid-19-ի դեմ, պետք է միտված լինեն կատարելագործվելու՝ վիրուսի մուտացված տեսակներից պաշտպանելու համար:

Ամփոփելով հնչեցրած հարցերը՝ Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ չկա որևէ պատվաստանյութ, որն ամբողջությամբ անվտանգ է, ինչպես բժշկության մեջ ցանկացած միջամտություն: «Այս վիրուսի ազդեցությունը մարդու առողջության վրա վատ կամ ավելի վատ է: Ցանկացած պարագայում այն թողնում է որևէ հետևանք առողջության վրա: Հետևաբար պաստվաստանյութի բացասական ազդեցության ռիսկերն ավելի փոքր են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը հասարակության առաջ՝ չվարակվել և վիրուսը չփոխանցել ուրիշներին:

ԵՊԲՀ ռեկտորը կարևորելով պատվաստումների հանրայնացումը՝ նշեց, որ բոլորը պետք է գիտակցեն՝ վարակվելուց հետո առաջացած հակամարմինները ժամանակի ընթացքում սպառվում են, և համավարակի տարածման ռիսկերը մեծացնում են:

Նուբար Աֆեյանը պատասխանելով բժշկական բուհի ղեկավարի հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր ապահովել պատվաստումների ցանկալի ծածկույթ Հայաստանում, և ե՞րբ մեր երկրում կլինի «Moderna» տեսակի պատվաստանյութը, ընդգծեց, որ առաջին հերթին դա կապված է պետության ունեցած հնարավորությունների և համավարակի ռիսկերը ճիշտ գնահատելու հետ: «Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության և այն երկրների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել, որ Հայաստանը նույնպես հնարավորություն ունենա ձեռք բերել «Moderna» տեսակի պատվաստանյութը»,-եզրափակեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:

ԵՊԲՀ ռեկտորը կարևորելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեց հայազգի գիտնականին հյուրընկալվելու համար՝ հույս հայտնելով, որ հասարակությունը համավարակի դեմ պայքարում կունենա գիտակցված մոտեցում:




Լրահոս