ԿԱԼԱՆՔԸ ՓՈԽԱՐԻՆՎԵՑ ԳՐԱՎՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացվեց։

 

Նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը դիրքորոշում հայտնեց Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի իրավաչափության վերաբերյալ.

«Դատավարության այս փուլում առկա են բոլոր նախադրյալները Չարչյանի նկատմամբ կիրառված ամենախիստ տեսակի խափանման միջոց կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց գրավով փոխարինելու համար։ Միջդատական վարույթում մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնել այն մասին, որ ի սկզբանե պարոն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվել այն պատճառով, որ ոչ միայն առկա չեն կալանավորման հիմքերը, այլ նաեւ առհասարակ առկա չէ կալանավորման պայման՝ հիմնավոր կասկածը։ Դատավարության ներկա փուլում, նկատի ունենալով, որ միջդատական վարույթը ավարտվել է, ապացույցները հավաքված են եւ գնահատված են, քննությանը խոչընդոտելու ռիսկերը, որոնք արձանագրել են դատարանները, միանշանակ նվազել է»։

Ըստ Ալեքսանյանի՝ բոլոր վկաներն այս քրեական գործով տվել են արդարացնող բնույթի ցուցմունքներ. «Տվել են ցանկալի ցուցմունքներ Չարչյանի համար։ Հետեւաբար ունե՞նք արդյոք այստեղ տրամաբանություն, որ Չարչյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում նրանց վրա կարող է ազդեցություն գործադրել»։

Պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ընդգծեց, որ թեեւ գտնում են, որ Արմեն Չարչյանի նկատմամբ առհասարակ որեւէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, բայց, միեւնույն ժամանակ, ընդունելի են համարում գրավի կիրառումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Գործով մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ պրոֆեսորը պետք է մնա կալանքի տակ. «Կալանքի տակ մնալու հիմքերը կան, դրանց ռիսկն էլ բարձր է»։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի՝ Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի՝ դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել իր աշխատակիցների նկատմամբ։

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում, ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, լեյտենանտ Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, զորամասի կրակային դիրքում լեյտենանտ Հ.Ա.-ն, զեկույց ստանալով, որ դիրքի տարածքում հակառակորդի ենթադրյալ շարժ է նկատվել, իրականացրել է դիտարկում եւ տեղանքի ուսումնասիրություն, որի ընթացքում՝ ժամը 21:45-ի սահմաններում շարժ նկատելով՝ խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոցներ արձակել հիշյալ ուղղությամբ, ինչի հետեւանքով ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մահացու վնասվածք: Լեյտենանտի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

ՀԱՓՇՏԱԿԵԼ Է

Հուլիսի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.10-ին անհայտ անձը Մամիկոնյանց փողոցի շենքերի բակում քաշել-պոկելով հափշտակել էր 64-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Արաբկիրի ոստիկանները պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 24-ամյա երիտասարդը հայտնաբերվել եւ, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը Երեւանի Նալբանդյան փողոցում բնակարանային գողությունների դեպքեր է բացահայտել: «Հուլիսի 14-ի լուսադեմին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Աբովյան փողոցում հայտնաբերել են 40-ամյա մի տղամարդու եւ, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել բաժին։ Բերման ենթարկվածը հուլիսի լույս 14-ի գիշերը մտել էր Երեւանի Նալբանդյան փողոցի 7/1 շենքի մի բնակարան, որի դուռը բաց էր եղել, տանտերն էլ՝ քնած։ 40-ամյա տղամարդը տանտիրոջ պայուսակից գողացել էր փող, նախնական տվյալներով՝ 220 հազար դրամ։ Դեպքի առթիվ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունից քննչական բաժին ներկայացված տղամարդն էլ ձերբակալվել է։ Նույն թաղամասի այլ բնակարաններից եւս կատարվել էին գողություններ, որոնց փաստերով արդեն իսկ հարուցվել էին քրեական գործեր: Մասնավորապես, անցած տարվա փետրվարին Նալբանդյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկից փող ու ժամացույց էր գողացել։ Նույն բնակարանից գողություն էր արել նաեւ այս տարվա հունիսին։ Երկրորդ դեպքով գողոնը պայուսակներ էին։ ան փողոցի 7/1 շենքի բնակարաններից մեկն ու բջջային հեռախոսներ գողացել»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

2021թ. հուլիսի 19-ին «Աբովյան» բկ-ից հաղորդում է ստացվել, որ կլինիկական մահ, բիոլոգիական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի 1988թ. ծնված բնակչուհի, ում, համաձայն շտապօգնության բժշկի հայտարարության, անգիտակից վիճակում հանել են լողավազանից: Նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, կինն Արզնի համայնքում գտնվող հանգստյան գոտում նստած է եղել լողավազանի բետոնե բազրիքին, որտեղ նրան աննկատ մոտեցել է իր ընկերը եւ հրել գցել է ջրով լցված լողավազանը: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կնոջ ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին, եւ նա հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ վերցվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները: Կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՂԵԿԱՎԱՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը՝ մինչեւ ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից առանց ականանետերի կիրառման գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, որն այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որեւէ փոփոխություն թույլ չի տալու։Ռ. Ռաֆիկ Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով: 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկ Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 13-րդ կետերով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս