ՀՀ Արմավիրի մարզի ավազահանքերն իսկական պատուհաս են դարձել տեղի բնակիչների գլխին: Տեւական ժամանակ է, ինչ Ջրառատ, Լուսագյուղ, Մեծամոր գյուղերի բնակիչներն ահազանգում են «Ժողովուրդ» օրաթերթին՝ նշելով, որ իրենց գյուղերի ճանապարհներն ավազով բարձված բեռնատարները վնասում են: Ի դեպ, ավազ տեղափոխող ծանր մեքենաներն ամռանը տաք ասֆալտի վրայով բեռնված իջնելու ժամանակ, իրենց ծանրության տակ ասֆալտը դեֆորմացնում են: Ինչի արդյունքում ասֆալտը տեղ-տեղ քանդվում է, փոսերն ավելի են մեծանում:
Հիմնականում դեֆորմացվում է Էջմիածին-Մարգարա միջպետական ճանապարհը: Տեղաբնակները դժգոհում են՝ նշելով, որ ծանր բեռնատարների պատճառով ոչ միայն միջհամայնքային ճանապարհն է անանցանելի դարձել, այլեւ առավոտյան ժամերին խցանումներ են առաջանում: Բացի այս ավազ տեղափոխող բեռնատարները խնդիրներ են առաջացնում նաև վարորդների համար. բեռնված ավազը վարելու ընթացքոյմ թափվում է և կարող է վնասել իր հետևից ընթացող մեքենայի դիմապակին:
ԵՒ ամենակարեւորը՝ վերջին տարիներին ջուր չունենալու պատճառով Արարատյան դաշտավայրի բնակիչները ստիպված իրենց հողատարածքները ցածր գներով վաճառել են: ԵՒ քանի որ այդ տարածքում հիմնականում ավազային հողեր են, այդ պատճառով էլ շատ տնտեսվարողներ գնած հողատարածքների զգալի մասը վերածել են ավազահանքերի: Սակայն ոչ բոլորն են բարեխիղճ. հայտնի է, որ որոշ ավազահանքեր գրունտային ջրերի բարձր մակարդակի պատճառով լցվում են ջրով եւ վերածվում ճահիճների: Եվ ահա թե ինչ պատկեր ունենք այսօր. ավազահանքերի շահագործումից հետո հողատարածքները կամ անապատացած են կամ էլ` ճահճանման լճակների վերածված: Սրան զուգահեռ նկատենք նաև, որ ավազի հանքատերերն այդպես էլ չեն փոխհատուցում համայնքներին պատճառած վնասները:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս․Հ․