Ձկները ցեխի մեջ սատկում են ավազ արդյունահանող ընկերության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզում ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերության կողմից պետությանը չի վճարվել 152 մլն 560 հազար դրամի տարբեր հարկեր եւ այլ պարտադիր վճարներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Պարզվել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը այս տարվա հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի տարածքում իրականացրել է ընդերքի ապօրինի արդյունահանում, ինչի արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 100.000մ3 ավազակոպճային խառնուրդ: Հարուցվել է քրեական գործ:

Սակայն ArmLur.am-ին Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանը հայտնեց, որ իր ղեկավարած համայնքի վարչական տարածքում որեւէ ընկերություն ավազի արդյունահանմամբ չի զբաղվում, ապա խորհուրդ տվեց հետաքրքրվել Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանից՝ նշելով, որ այնտեղ գտնվում է ավազի արդյունահանմամբ զբաղվող երկու ընկերություն: Խոսքը «Ավազ պլյուս» եւ «Արգավազշին» ընկերությունների մասին է: Բայց միաժամանակ Արեւիկի գյուղապետը ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ ավազ արդյունահանող ընկերությունների գործունեության հետեւանքով իրենց գյուղում գործող մասնավոր ձկնաբուծարան է տուժել: «Այդ մարդկանց ձկները սատկում են, միլիոնների հասնող վնաս են կրում, ամբողջ ջուրն օգտագործվել է, ձկներին ջուր չի մնացել: Խնդրել են, որ գան ցեխը մաքրեն գոնե մինչեւ գարուն ձկները մնան ջրի մեջ»,-պարզաբանեց Արեւիկի գյուղապետը:

Արեւիկի գյուղապետի հետ զրույցից հետո կապ հաստատեցինք նաեւ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի հետ: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ Եղեգնուտ համայնքն առաջին անգամ չէ, որ ավազի արդյունահանման հետ կապված հայտնվում է նման պատմության մեջ: Կհիշեք՝ թավշյա հեղափոխությունից հետո բացահայտվեց, որ Եղեգնուտում երկու ընկերություն՝ «Ավազ պլյուս»-ը եւ «Արգավազշին»-ը ավազի տեսակավորումներն ու կուտակումները կատարել էին իրենց տարածքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա, ինչը մարզպետարանի աշխատակիցները գնահատել էին որպես հողօգտագործման նպատակային նշանակության ապօրինի փոփոխություն: Դրանով խախտվել էր հողային օրենսգրքի պահանջները:

Ավելին մարզպետարանի կողմից Եղեգնուտում իրականացվել էր իրավական եւ մասնագիտական հսկողություն, ուսումնասիրվել էր համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը եւ բացահայտվել էին մի շարք թերություններ:
Պարզվել էր, որ գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի կողմից Հողային օրենսգրքով նախատեսված վերահսկողության դրույթները ոչ պատշաճ իրականացնելու արդյունքում «Ավազ պլյուս»-ի եւ «Արգավազշին» ընկերությունների ավազի արտադրամասերի նպատակային նշանակությունը չփոխելու պատճառով համայնքային բյուջե չէր վճարվել մոտ 25 մլն դրամ:
Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանին հիշեցրինք 2018 թվականին արված բացահայտումները, ինչին ի պատասխան գյուղապետն ասաց. «Այդ բոլորն ուսումնասիրված է, պարզված է, որ նման բան գոյություն չունի: Իմ մոտից ավազ ոչ մեկ չի արդյունահանել: Նախ՝ ավազ չկա իմ մոտ, որ արդյունահանվի… եկեք ինքներդ համոզվեք, որ չկա: Կլյաուզա են, հերթական, շարունակական, քրեական գործ էր հարուցվել, ուսումնասիրվել, գնացել հասել էր աշխարհից աշխարհ, փորձագետներով, դա իմ ասելով չէ: Երկու ընկերություններն աշխատում են, իրենց աշխատանքի տեղը կա, գոյություն ունի, իրենցից հետաքրքրվեք, իմ վարչական տարածքում չէ: Ես չեմ իմանում, թե ում տարածքում է: Եթե իմ տարածքում լինի, որեւիցե մի մեխանիզմ լինի ավազ արդյունահանող ես գլխով պատասխան կտամ: Իմ մոտից արդեն 20 տարի ավազ չի արդյունահանվել: Արտադրությունը կազմակերպվում է արդյունաբերական տարածքի վրա, իսկ արդյունահանումը կատարվում է այլ բնակավայրերում, Եղեգնուտում չէ»:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաեւ նշված երկու ընկերությունների հետ, սակայն որեւէ հեռախոսահամար համացանցում առկա չէ: Ավելին, ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ «Արգավազշին»-ը սնանկ է ճանաչվել:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս