ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ուժեղ  քամու հետեւանքով Արաբկիր վարչական շրջանում՝ Վարհրամ Փափազյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց, հսկայական բարդին քոքից պոկվել եւ ընկել է՝ փակելով ճանապարհը։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի ընկնելու հետեւանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia Cerato, Kia Forte եւ Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Անուշ Հովհաննիսյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե քոլեջի որ շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում եւ կրթության ինչ ձեւով:

Նարինե Լալայան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ: Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ` մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:




Լրահոս