ArmLur.am-ի տեղեկություններով երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավորների նիստը խմբակցության կին պատգամավորները վերածել են մենամարտի: Բանն այն է, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խմբակցությանը հանձնարարել է իրենց «մեջից» ընտրել բոլոր հանձնաժողովների նախագահներին ու դրա մասին իրեն զեկուցել:
Բայց արի ու տես, որ խմբակցության կին պատգամավորները՝ Մարիա Կարապետյանի գլխավորությամբ որոշել են բոլոր հանձնաժողովները վերցնել իրենց հսկողութան տակ ու առաջադրել իրենց «թայֆայից» տարբեր անձանց: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ երեկվա նիստն այնքան թեժ է անցել, որ խմբակցությունը կարողացել է ընդամենը երկու հանձնաժողովի նախագահ ընտրել:
Ըստ մեր տեղեկությունների` շատ թեժ իրավիճակ է ստեղծվել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ, երբ իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը եւս իր թեկնածությունն է առաջադրել ու Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լենա Նազարյանը հայտարարել են, որ հենց Տիգրանյանին է պետք ընտրել այդ պաշտոնում: Պարզվել է` այդ խումբը տեւական ժամանակ է` ձեւաչափեր է փնտրել խմբակցության ապացուցելու համար, թե Հերիքնազ Տիգրանյանը միակն է, որ կարող է այդ պաշտոնը զբաղեցնել:
Հանձնաժողովի նախագահի մյուս թեկնածուն եղել է հանձնաժողովի ներկայիս նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին կանայք դեմ են եղել ու սկսել են նիստի ժամանակ քննադատել ու վատաբանել նրա աշխատանքը: Իրավիճակն այնքան է թեժացել, որ կանանց «բազառին» խառնվել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ու փորձել է իրավիճակը հանդարտեցնել: Սիմոնյանին հաջողվել է խմբակցության նիստը «շուկայի» վերածած կանանց «տեղը դնել»:
Պարզվում է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Սուրեն Գրիգորյանը այդ կանանց «ռուլիտ» են անում ու ամեն ինչ անում են, որ հանձնաժողովը իրենց համար ցանկալի անձ ընտրի: Վերը նշված կանանց խումբը նպատակ ունի տարբեր հանձնաժողովներում առաջադրվել ու ամեն քայլի դիմել հանձնաժողովները կառավարելու համար:
Ու այսքան երկար պայքարից հետո, վերջում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը դրվել է գաղտնի քվեարկության ու արդյունքում Հերիքնազ Տիգրանյանը պարտվել է՝ խմբակցությունը ընտրել է Վլադիմիր Վարդանյանին:
Այնուհետեւ քննարկել են ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցը ու արդյունքում ընտրել են Անդրանիկ Քոչարյանին:
Առաջիկայում նիստը պետք է շարունակեն, որպեսզի մյուսներին եւս ընտրեն: Թեժ իրավիճակ է սպասվում ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, քանի որ այստեղ եւս կանանց թեւն ուզում է առաջադրել Հերիքնազ Տիգրանյանին, որտեղ կառաջադրվի Արսեն Թորոսյանը եւ Նարեկ Զելնալյանը, որին էլ ցանկանում են կրկին տեսնել հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Բայց, թե վերջում ինչ կլինի, դժվար է ասելը:
Սոնա Գրիգորյան