ՏԵՍԱՆՅՈւԹ. Որ պաշտոնյաները պետք է պատասխան տան սահմանը չկահավորելու համար. դատարանի որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը բավարարել է փաստաբան Երեմ Սարգսյանի հայցը, ինչը ենթադրել է տալիս, որ ՀՀ պաշտոնյաները պետք է պատասխան տան՝ սահմանը չկահավորելու, չվերահսկելու համար, ինչի արդյունքում թշնամին 2 ամիս է ինչ մտել է մեր հայրենիք ու դուրս չի գալիս:

ArmLur.am-ը գրել էր, որ փաստաբան Երեմ Սարգսյանը սահմանի չկահավորման մասով գործընթաց է սկսել եւ անգամ դատախազության գործողությունների մասով դիմել է դատարան: Արդյունքում փաստաբանի հայցը դատարանը բավարարել է: Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց.

«Ինչպես արդեն հայտնել էի, սույն թվականի մայիսի 17-ին Ադրբեջանի զինված զինծառայողների կողմից Հայաստան ներխուժելու, Հայաստանի տարածքի մի մասը զավթելու, Հայ զինվորների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ մայիսի 20-ին հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։

Դատախազությունը գրությամբ էր պատասխանել, նշելով, թե իբրև իրենք արդեն իսկ այդ դեպքի առթիվ քրեական գործ հարուցել են, սակայն գրությունից ակնհայտ էր, որ քրեական գործը չի հարուցվել քրեական օրենսգրքի այն բոլոր հոդվածներով, որոնց մասին նշել էի։ Դատախազության անգործությունը բողոքարկել էի դատարան և 14․07․2021թ․ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ, բավարարեց բողոքս և դատախազությանը պարտավորեցրեց վերացնել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի իրավունքների և օրինական շահերի խախտումները։

Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, ստանալուց հետո առավել մանրամասն կանդրադառնամ դրան։ Մի բան ակնհայտ է, որ այս քրեական գործերը պետք է քննվեն ոչ միայն ադրբեջանցիների նկատմամբ, ինչը շատ դեպքերում անիմաստ է լինում, այլև այն ղեկավար իշխանավորների նկատմամբ, ովքեր պարտավոր էին նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո անհապաղ և գործուն ջանքեր գործադրել ՀՀ պետական սահմանի պահպանության, թշնամու հարձակման մասին նախապես տեղեկացվելու և այլնի համար։ Այս նպատակով առնվազն պետք է ձեռք բերվեին և սահմանի երկայնքով տեղադրվեին տեսախցիկներ, որոնք տեսանկարահանում են թշնամու տարածքը մի քանի կիլոմետր խորությամբ, այդ եղանակով մշտադիտարկումներ կատարել և նրանց շարժը պահել անընդհատ հսկողության տակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում արագ ուժեր ուղարկվեն կոնկրետ հատված և դիմագրավեն թշնամուն։ Դրա և նմանատիպ գործողությունների փոխարեն ՊՆ-ն և ավելի բարձր ղեկավարությունը զբաղված են միայն սուտ հերքումներով, ինչպես նաև արդարացումներով, թե իբրև ձմեռվա պատճառով չեն կարողացել նման գործողություններ կատարել։ Թշնամուն ձմեռը չխանգարեց, որ նախապես որոշի կարևորագույն ստրատեգիական կետերը և գրավի դրանք ու այլևս հետ չգնա։ Հիշեցնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազից պահանջել էի այդ քրեական գործի քննությունը հանձնարարել կենտրոնական քննչական մարմիններին և անձամբ հսկողություն կատարել դրանց նկատմամբ, սակայն այդպիսի բազմաթիվ քրեական գործերը քննվում են Սևանի կայազորային քննչական բաժնի կողմից։ Դե իհարկե, սա էլ հո պաշտոնեական դիրքի չարաշահում չէ, որ քննեն, հատակապես կարևոր գործերի գլխավոր վարչությունը, հատուկ քննչական ծառայությունը, ազգային անվտանգության ծառայությունը։ Այս մամինները նման «երկրորդական» գործեր չեն քննում»։

Ի դեպ, մայիսի 3-ին ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում եւս վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն սփոփող պատասխանի փոխարեն Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ ավելին՝ պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու մեջ:

Սակայն նկատենք, որ պատգամավորի այս հարցի բարձրացումից հետո Գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց, սակայն, ըստ ArmLur.am-ին հասած լուրերի, քրեական գործը հարուցել են պարզապես հանրությանը ցույց տալու համար, թե հարուցել են ու զբաղվում են անպատասխանատու պաշտոնյաների հարցով, մինչդեռ քրեական գործը զինվորական քննչականում մի անկյունում անտեսված դրված է: Ինչեւէ, փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանատվության է կանչում դատախազությանը, որ գործը չքնեցնեն, այլ կոնկրետ զբաղվեն պատասխանատու հայ պաշտոնյաների հարցով, այլ ոչ թե ձեւական քրեական գործ հարուցեն հակառակորդի գործողությունների մասով՝ շատ լավ իմանալով, որ անհեռանկար գործով են զբաղված:

Քնար Մանուկյան




Լրահոս