Արդեն մի քանի օր է, ինչ ArmLur.am-ը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում կապված մետրոպոլիտենի էլեկտրոնային քարտերի հետ: Նրանց խոսքերով, մետրոպոլիտենի ոչ մի կայարանում քարտեր չեն տրամադրում, իսկ երբ քաղաքացիները հետաքրքրվում են, ի պատասխան՝ աշխատողներն ասում են, որ չկա: Բանն այն է, որ այդ էլեկտրոնային քարտերի բացակայության պատճառով շատ մեծ հերթեր են գոյանում, իսկ էկտրոնային քարտերը հերթերը նվազեցնում էին:
ArmLur.am-ը այս խնդրի շուրջ դիմեց Երեւանի մետրոպոլիտեն, որտեղից մամուլի հարցերով պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը փոխանցեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում այդ խնդիրը լուծելու ուղղությամբ. «Այս պահին Երևանի մետրոպոլիտենում նոր քարտերի ձեռքբերման հետ կապված կան որոշակի տեխնիկական և ծրագրային խնդիրներ։ Հստակ ժամկետներ նշել չեմ կարող, քանզի այդ ուղղությամբ այս պահին ևս տարվում են աշխատանքներ»։
Տեղեկացնենք, որ ուղեւորները, գնելով դատարկ քարտը, այնուհետեւ այն լիցքավորում են: Քարտը դրվում է անցակետի դիմային ապակուն, վառվում է կանաչ լույսը, ինչը թույլ է տալիս անցնել անցակետով:
Ս.Հ.