ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԿԱՇԱՌՔ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետեւանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարներ: Հատուկ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի ավագ մաքսային տեսուչ Արմեն Փանյանը 2020թ. հուլիսին նույն մաքսակետի նախկին աշխատակից, իր մտերիմ Բագրատ Թումանյանի միջոցով ընդունել է ապրանքների ներկրմամբ զբաղվող Սուրեն Հարությունյանի առաջարկը՝ կաշառքի դիմաց վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ:

 

Արմեն Փանյանը իր հերթին պայմանավորվածություն է ձեռք բերել Մեղրիի մաքսակետի բաժանմունքի պետ Հայկ Մելքումյանի եւ նույն մաքսակետի տեսուչ Ռուբիկ Մարգարյանի հետ Սուրեն Հարությունյանի կողմից ներկրվող ապրանքներն առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու մաքսակետի տարածքից անարգել բաց թողնելու գործընթացը կազմակերպելու հարցում:

Հիշյալ հանցավոր սխեմայի շրջանակներում Սուրեն Հարությունյանը 2020թ. հուլիսի 5-ից օգոստոսի 22-ը մաքսային հսկողությունից թաքցնելու եւ մաքսային ձեւակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով բեռնատարներով ԻԻՀ-ից Մեղրիի մաքսակետի տարածք է տեղափոխել 71,980 կգ քաշով մետաղյա ամրաններ, ինչի դիմաց օգոստոսի 29-ին մաքսային տեսուչ Արմեն Փանյանին Բագրատ Թումանյանի միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.510.000 ՀՀ դրամ կաշառք, որից 100,000 ՀՀ դրամը տվել է Բ. Թումանյանին՝ վերոհիշյալ հանցավոր արարքի կատարման հարցում իրեն օժանդակելու համար:

Հայկ Մելքումյանն ու Ռուբիկ Մարգարյանը, տեղյակ լինելով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին, դրանք մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպման չեն ենթարկել եւ առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու թույլատրել են բեռնատարների անարգել դուրսբերումը մաքսակետից: Արդյունքում Սուրեն Հարությունյանը պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել 7,556,015 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:

Բացի այդ, մաքսային ձեւակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով ԻԻՀ-ից ապրանքներ ներկրելու նպատակով իրեն օժանդակելու համար Բագրատ Թումանյանին է դիմել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վահագն Դավթյանը: Բագրատ Թումանյանը իր հերթին կրկին դիմել է Մեղրիի մաքսակետի վերը նշված պաշտոնատար անձանց եւ նրանց համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո` 2020թ. սեպտեմբերի 4-ից 2021թ. մարտի 3-ը, Վահագն Դավթյանի կողմից ապօրինի եղանակով ներկրվել են ավելի քան 3500 տարա ավտոյուղեր: Իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով Արմեն Փանյանը կազմել է բեռների տեղափոխման՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր, որոնք Բագրատ Թումանյանի միջոցով տրամադրել է բեռնատարի վարորդին՝ մաքսակետի տարածքից դուրս գալուց հետո հիշյալ փաստաթղթերի մի մասը վերցնելու, իսկ մյուս մասը նշված վայր հասնելուց հետո ոչնչացնելու պայմանով: Մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված ապրանքի գերակշիռ մասը Վահագն Դավթյանը վաճառել է, իսկ մնացած մասը` 1200 տարաների մեջ լցված ավտոյուղերը, 2021թ. մարտի 5-ին Վ. Դավթյանի տան բակում հայտնաբերվել եւ առգրավվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Դավթյանը ՊԵԿ պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 52,803,029 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆԻ ԿԱԴՐԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ

2021թ. ապրիլի 8-ից որպես Տավուշի մարզպետ պաշտոնավարող Հայկ Ղալումյանը շարունակում է աշխատանքից ազատել Տավուշի նախկին մարզպետ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի պաշտոնավարման  ժամանակ մարզպետարանում աշխատած  կադրերից։ Հ. Ղալումյանը  օգոստոսի 2-ին որոշել է  Տիգրան Սաքանյանին ազատել Տավուշի մարզպետի տեղակալի օգնականի պաշտոնից,  մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը   հանձնարարել է օրենքով սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ։ Որպես մարզպետի որոշման հիմք նշված է Տ. Սաքանյանի անձնական դիմումը։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը մինչ այժմ Նիկոլայ Գրիգորյանին եւ Արբակ Գրիգորյանին ազատել է Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնից, Էմին Գեւորգյանին եւ Սերգեյ Հարությունյանին՝  մարզպետի օգնականի պաշտոնից։ Որպես այդ որոշումների հիմք նշված է աշխատանքից ազատվածների անձնական դիմումները։ Ապրիլի 27-ին մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել  է զբաղեցրած պաշտոնից։

 

 

 

ՊՈՄՊԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Բերդի համայնքի ֆինանսական միջոցներով համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում տեղադրվել է ժամում 16 տոննա արտադրողականությամբ խմելու ջրի խորքային պոմպ՝ բնակավայրի ջրամատակարարումը բարելավելու նպատակով: Վ. Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանի խոսքով՝ պոմպակայանի գործարկումն  իրականացնելուց հետո այն  գյուղի շուրջ 120 ընտանիքի կապահովի խմելու ջրով:  Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի  միջոցներով խմելու ջրի խորքային պոմպ է տեղադրվել նաեւ սահմանամերձ Այգեպար գյուղում։

 

ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդ համայնքի Արծվաբերդի գյուղի բնակիչ, 2000թ. ծնված Գեղեցիկ  Մարդանյանի դատավարությունը։ Հայ-ամերիկյան բժշկական քոլեջի ուսանող, ամուսնացած, նախկինում չդատված, ներկայումս չաշխատող Գեղեցիկ  Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ծանր հանցագործության մեջ մեղադրելով, կատարել է սուտ մատնություն, այն է՝ 2020թ. հունիսի 30-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում սուտ մատնություն է արել այն մասին, որ Զոհրակ Զարգարյանը, իր ընկերների՝ Ալբերտ Վարդազարյանի եւ Կարեն Զարգարյանի հետ բռնություն գործադրելով, առեւանգել է իրեն։ Գ. Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾ է

Հայաստանում համաճարակային իրավիճակը լարված է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Վերջին 14 օրվա տվյալները եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ նախորդ 14 օրվա հետ համեմատած՝ 55 տոկոսով նոր դեպքերի աճ ունենք: Մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում նոր դեպքերի աճ ունենք՝ 1.5-2.15 անգամ:

 

Օրինակ՝ 3.5 տարեկանների շրջանում 2.15 անգամ է աճել դեպքերի քանակը, իսկ 6-17 տարեկանների շրջանում՝ 1.89 անգամ: Բոլոր մարզերում այս պահի դրությամբ, բացի Շիրակի մարզից, ունենք դեպքերի աճ: Առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել Երեւանը, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերը»,- նկատեց մասնագետը:

Նրա խոսքով՝ Եվրամիության չափանիշներով եթե մենք նախորդ ամիսներին կանաչ գոտում էինք, ապա հիմա նարնջագույն ենք մտել: «Ոչ թե մտել ենք, այլ նարնջագույնից արդեն օրական կտրվածքով, երբ վերլուծություն ենք անում, պարզում ենք, որ կամաց-կամաց մոտենում ենք կարմիր գոտուն: Այսօրվա վերլուծության արդյունքներով արդեն իսկ կարմիր գոտում ենք»,- ասաց Ռոմելլա Աբովյանը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում իրականացվել է 30 նմուշի հետազոտություն, որից միայն 25 նմուշը եղել է Դելտա շտամ:

Մասնագետը ArmLur.am-ին հայտնեց, որ հետազոտվել են նաեւ օդային սահմանային անցման կետով մուտք գործած անձինք, որից չորս անձանց մոտ Դելտա շտամ է արձանագրվել: «Ըստ ԱՀԿ տվյալների՝ ախտանշանները հիմնականում ուղղորդվում են գլխացավով, կոկորդի ցավով, քթնարտադրությամբ, նաեւ ջերմությունով: Չի բացառվում նաեւ՝ այլ ախտանշաններ ունենա, քանի որ նոր շտամ է եւ դեռեւս ուսումնասիրության փուլում է: Բայց տեղեկացնեմ, որ ըստ ԱՀԿ-ի վերջինս արդեն ներառվել է անհանգստություն առաջացնող շտամերի ցանկում»,- մտահոգվեց Ռ. Աբովյանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ի տարբերություն նախորդ շտամերի՝  Դելտա շտամի դեռեւս ապացուցողական հիմքն այն է, որ երկու անգամ ավելի արագ է տարածվում: Իհարկե, զրույցի ավարտին եւս մեկ անգամ մասնագետը հորդորեց պահպանել անվտանգության անհրաժեշտ միջոցները. ամենառաջինը պատվաստվել, փակ տարածքներում դիմակ կրել, պահել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը: «Եթե ես պատվաստված եմ, կապ չունի ինչ շտամով, կվարակվեմ, բայց 100 տոկոս չեմ մահանա»,- ավելացրեց մասնագետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս