ՓՈԽԽՈՍՆԱ՞Կ. «ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻ՛Ր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում իսկական խառնաշփոթ էր. իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ 3-րդ փոխնախագահին էին ընտրում, սակայն այդպես էլ չէր ստացվում: «Հայաստան» խմբակցությունից առաջադրված ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանին ընդդիմությունը երկու անգամ առաջադրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում, սակայն երկու անգամ էլ Սաղաթելյանը չընտրվեց: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ «Հայաստան» խմբակցությունը իշխանությունից 22 ձայն է պահանջել, որպեսզի երկու ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորների թվի հետ միասին Սաղաթելյանը կարողանա 54 ձայն ստանալ: Իշխանության պատգամավորները երեկ ամբիոնից կոկորդ պատռելով հավաստիացնում էին, որ իրենք իրենց խոստացածը կատարել են, ավելին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անձամբ է զանգահարել գործընկերներին եւ ուղղորդել քվարկության՝ հորդորելով՝ 1-22 համարների պատգամավորները մեկ մարդու նման Սաղաթելյանին ընտրեն։ Իշխանության մի հատվածն այն կարծիքին է, որ սա իշխանության պատիժն է Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ խորհրդարանում օր ու արեւ չի տալու իշխանությանը: Սակայն, մյուս կողմից, իշխանությունը տեսակետ էր շրջանառում, թե դաշնակցական Սաղաթելյանին չի ընտրում «Պատիվ ունեմ» խմբակցությունը, քանի որ այդ պաշտոնը պետք է տրվեր իրենց, այլ ոչ թե «Հայաստան» խմբակցությանը: Երրորդ վարկածի համաձայն՝ «Հայաստան» խմբակցության ներսի խմորումների հետեւանք են Սաղաթելյանի քվեարկության ճակատագրական անվավեր քվեաթերթիկները: Ըստ այդմ, խմբակցության ներսում Իշխան Սաղաթելյանին չեն ընդունում ու արդյունքում չեն էլ ընտրում:

Թե իրականում ինչ է կատարվում, ինչու չի հաջողվում ընդդիմադիր փոխխոսնակին ընտրել, դժվար է ասել: Ամեն դեպքում, այսօր երրորդ անգամ նրան պետք է խորհրդարանում ընտրեն:

 

 

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը երեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ: Մասնավորապես, նա երեկ՝ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին, հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին: Այս հայտարարությունը ուշագրավ է իր խստությամբ. իհարկե այս ընթացքում Պաշտպանության նախարարությունից եւս նմանատիպ հորդորներ եղել են, սակայն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մեղմ հայտարարություններով էին հանդես գալիս: Իսկ ինչո՞ւ հենց այժմ նման խիստ հայտարարություն անելու անհրաժեշտություն եղավ. նկատենք, որ այդ հայտարարությանը նախորդեց հուլիսի 27-ին Մոսկվայում  տեղի ունեցած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականներությունները կատարող Արշակ Կարապետյանի հանդիպմանը: Այսօր էլ ՊՆ-ն ընդունել է ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին եւ քննարկել սահմանային իրավիճակը: Նկատենք, որ երեկ պարզ դարձավ՝ Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, եւ իրականացվում են շինաշխատանքներ սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով: Այսինքն՝ ՀՀ սահմանները կամաց-կամաց տրվում են Ռուսաստանին: Ու սա անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը օրումեջ բարձրաձայնում էր ՀՀ ինքնիշխանության մասին:

 

 

203 անձ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել գույքի եւ ունեցվածքի մասին հայտարարագրեր։ Սա նշանակում է, որ սահմանված ժամկետում հայտարարագրերը չներկայացնելու հիմքով հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 ՀՀ դրամի) չափով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թիվը այսքանով չի սահմանափակվում, եւ առաջիկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նոր ցանկ է հրապարակելու։ Նշենք, որ 203 անձանց թվում հիմնականում համայնքների ղեկավարներ են կամ պաշտոնյաների օգնականներ եւ խորհրդականներ։ Հետաքրքիր է, որ հայտարարագիր չներկայացրած անձանց թվում նշված է նաեւ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի անունը, որը կալանավորված է կաշառք վերցնելու մեղադրանքով։ Սակայն սա միայն հայտարարագիր չներկայացրած անձանց առաջին խումբն է, եւ սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում կհրապարակվի մյուս ցանկը, եւ, մեր տեղեկություններով, այնտեղ արդեն ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք են, այդ թվում՝ պատգամավորներ։ Այս պահին նրանց ժամանակ է տրվել սխալները շտկելու համար։ Նկատենք՝ սա առաջին դեպքն է, երբ հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների թիվն այդքան մեծ է, իսկ դա ենթադրում է , որ ինչքան էլ նոր մեխանիզմներ են ներդրվում թափանցիկությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմերը մեծացնելու համար, միեւնույնն է, դրանց անլուրջ են վերաբերվում։

 

 

Հայաստանում այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը ավելացել է: «Ժողովուրդ»  օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 21, 2020-ին՝ 15 հազար 798, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 17 հազար 211: Բացի այս, ավելացել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 199-ից հասնելով 236-ի: Մյուս նորությունն այն է, որ Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել: Պաշտոնական աղբյուրից «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2002, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 508-ով: Բայց, մյուս կողմից, ավելացել են ամուսնությունները՝ 2020-ի 6 ամիսներին՝ 5 հազար 258, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 130: Մի շարք մասնագետների խոսքով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:




Լրահոս