ՀԱՅՏՆԻՆԵՐԻՑ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԵԼ ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր երկրից արտերկիր մեկնողների թիվը, ցավոք, շարունակում է աճել, որին մեծապես նպաստեց նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը: Հայրենիքը լքողների շարքում քիչ չեն արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր հանգամանքների, աշխատանքի կամ անձնականի բերումով մեկնել են Հայաստանից: Սակայն այս ամենի հետ մեկտեղ վերջին տարիներին նկատելի է միտում, երբ  ապագա հայտնի մայրիկները ծննդաբերության վերջին ամիսներին մեկնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ այնտեղ  երեխա ունենալու նպատակով:

 

ArmLur.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է հայ հայտնիներից նրանց, ովքեր տարբեր ժամանակներում մեկնել են օվկիանոսից այն կողմ երեխա ունենալու համար:

Օրեր առաջ հայաշատ Լոս Անջելես քաղաք է մեկնել երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ով պատրաստվում է շուտով մայրանալ, թեեւ երգչուհին փորձում է լայն զգեստներով քողարկել գեղեցիկ կարգավիճակը:

Մեկնելուց օրեր առաջ Քրիստինան «Ինստագրամ»-ի իր էջում հարցում էր կազմակերպել՝ հետեւորդներից հետաքրքրվելով, թե որտեղ կցանկանան նրանք լինել տվյալ պահին, ապա նշել էր, որ ինքը կցանկանար լինել Լոս Անջելեսում։ Օրերս երգչուհին արդեն մեկնել է ԱՄՆ։

Քրիստինան շուտով նոր տեսահոլովակ է ներկայացնելու:

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը  նույնպես երեխայի ծննդին ընդառաջ մեկնել է Միացյալ Նահանգներ:

Սոֆյան հղիության 8-րդ ամսում է։ Դերասանուհին «Ինստագրամ»-ում հրապարակումներ անում է, սակայն չի նշում, որ Միացյալ Նահանգներում է։

Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց հունիսին։ Նա եւ Աշոտը պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչեւ այդ տեւական ժամանակ միասին էին ապրում: Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի` Մարին, Սոֆյան առաջին անգամ կմայրանա:

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, ով դեռեւս 2020 թվականին Մարտին Մկրտչյանի հետ արտագաղթել էր հայրենիքից, հունիս ամսին ծննդաբերել է:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նույնպես երեխայի լույս աշխարհը գալուն ընդառաջ մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ ծնվել էր նրա առաջնեկը:

Ամերիկայի Միացյալ Նահնագներում են լույս աշխարհ եկել նաեւ դերասանուհի Մերի Մակարյանի, երգչուհի Լիլուի եւ Էմմիի զավակները, ովքեր երկար տարիներ է, ինչ մշտական բնակություն են հաստատել Նահանգներում:

Իհարկե, յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ որտեղ երեխա լույս աշխարհ բերել եւ ինչպես վարվել, սակայն այս ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ հայրենիքի եւ այնտեղ վերադառնալու մասին:

 

 

ԿԿԻՐԱՌՎԻ VAR ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի սեպտեմբերին կայանալիք խաղերում կկիրառվի տեսակրկնապատկերների VAR համակարգը. hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: VAR-ը կօգտագործվի ԱԱ-2022-ի ընտրական փուլի մնացած բոլոր հանդիպումներում: Նախապես ծրագրվել էր, որ դա պետք է տեղի ունենար ԱԱ-2022-ի ընտրական փուլի մեկնարկից, սակայն մեկնարկային 3 տուրերում խնդիրներ էին առաջացել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) եւ J խմբի առաջատարն է: Աշնան սկզբնամասում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԿԱՏԱԼՈՆԻԱ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին արձակուրդից հետո վերադարձել է Կատալոնիա: Սպասվում է, որ առաջիկայում 34-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ: Հուլիսի 1-ից «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Արգենտինայի հավաքականի հավաքականի կազմում Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո նա հանգստանում էր իսպանական Իբիցայում: Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում:

 

 

ՊԱՐՏՎԵԼ Է

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն ամերիկյան «Կոլամբուս Քրյուն» սեփական դաշտում 2:4 հաշվով պարտվել է «Դի Սի Յունայթեդին»: «Կոլամբուս Քրյուի» երկրորդ գոլը 71-րդ րոպեին խփել է հայկական արմատներ ունեցող արգենտինացի կիսապաշտպանը Լուկաս Սելարայանը: Դա 29-ամյա ֆուտբոլիստի 6-րդ գոլն էր ընթացիկ առաջանությունում: 17 խաղից հետո «Կոլամբուս Քրյուն» 24 միավորով 7-րդ տեղում է:

 

 

ՈՒՋԱՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ Է ԸՆՏՐՎԵԼ

Օգոստոսի 22-29-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կայանալիք «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի փակման ֆիլմն է լինելու ռեժիսոր Կարեն Գեւորգյանի «Երկընտրանք» վավերագրությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունից:

 

Թեպետ Կարեն Գեւորգյանը «Երկընտրանք» ֆիլմն ավարտել է 2000 թվականին, Հայաստանում այն ցուցադրվել է ընդամենը 2 անգամ։ Ֆիլմում ընդգրկված են առաջին արցախյան ազատամարտի տարիներին ու 90-ականների երկրորդ կեսին Գեւորգյանի նկարած բացառիկ կադրերը՝ ռազմաճակատից ու հետպատերազմjան կյանքից, որոնց ուղեկցությամբ ռեժիսորը խորհում է հայի ճակատագրի եւ այն մասին, թե ինչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը, որպեսզի 1990-ականներին հայ ժողովրդի կռած հաղթանակը չփոշիանա։ Հաշվի առնելով 2020 թվականի պատերազմն ու դրա հետեւանքները՝ 21 տարի առաջ նկարահանված այս ֆիլմը զարմանալիորեն նույնքան (եթե ոչ ավելի) արդիական է այսօր, որքան ստեղծման պահին էր։

Կարեն Գեւորգյանը (ծնվ. 1941) ռուսաստանցի կինոռեժիսոր եւ օպերատոր է։ 1960-ականներից ի վեր ծավալած երկարամյա գործունեության ընթացքում նկարահանել է մի քանի տասնյակ ֆիլմ թե՛ խորհրդային, թե՛ անկախ Հայաստանում եւ Ռուսաստանում, այդ թվում՝ «Չալ շունը, որ վազում է ծովեզրով» հանրահայտ կինոնկարը, որը 1991 թվականին արժանացել է Մոսկվայի XVII կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե սուրբ Գեորգի», «Ֆիպրեսսի»- ի եւ Էկումենիկ ժյուրիի մրցանակներին, ինչպես նաեւ հեղինակավոր «Կինոտավր» կինոփառատոնի «Ընտրյալների կինո» մրցույթի գլխավոր պարգեւին։ 1990-ականներին ներդրում է ունեցել Հայաստանի ռազմարդյունաբերության մեջ՝ իր ինժեներեկան ընկերության մասնագետների հետ համատեղ նախագծելով եւ արտադրելով հայկական ամենագնաց ռազմական մեքենայի եւ հայկական ռազմական օդանավի աշխատող նախատիպերը։ Այժմ ապրում, ստեղծագործում եւ դասավանդում է Սանկտ Պետերբուրգում։

 




Լրահոս