ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ում է պարտք Հայաստանը. պետական պարտքը կես տարում 901 մլն դոլարով աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն տարվա հունիսի վերջի դրությամբ (30.06.2021թ.) Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 869 մլն ԱՄՆ դոլար։ Տարվա վեց ամիսների ընթացքում այն աճել է մոտ 901 մլն դոլարով կամ 11.3%-ով։

Հայաստանի պետական պարտքի մեծ մասը արտաքին պարտքն է, որը հունիսի վերջի դրությամբ արտաքին պարտքը կազմել է մոտ 6 մլրդ 678 մլն դոլար՝ կես տարում աճելով 618 մլն դոլարով կամ 10.2%-ով։ Այս աճը մեծ մասամբ պայմանավորված է այս տարվա հունվարին ներգրավված 750 մլն դոլար պարտքով։ Հունվարի 26-ին Հայաստանի կառավարությունը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով, 3.875% եկամտաբերությամբ եվրապարտատոմսեր։ Իսկ ավելի պարզ ասած՝ 10 տարով 750 մլն դոլարի պարտք է վերցրել արտաքին աշխարհից։

2021թ. հունիսի վերջի դրությամբ Հայաստանի ներքին պետական պարտքը կազմել է 2 մլրդ 191 մլն դոլար։ Վեց ամսում այն աճել է 282 մլն դոլարով կամ 14.8%-ով։

Հայաստանի խոշորագույն վարկատուն կամ պարզապես պարտատերը, Համաշխարհային բանկն (ՀԲ) է: ՀԲ-ի կազմում գտնվող երկու կառույցին՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (ՎԶՄԲ) և Զարգացման միջազգային ընկերակցությանը (ԶՄԸ), ունեցած պարտքը 2021 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է Հայաստանի արտաքին վարկերի 38.6%-ը:

Խոշոր վարկատուներ են նաև Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։

Օտարերկրյա պետությունների շարքում խոշոր վարկատուներն են՝ Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան ու Ֆրանսիան:




Լրահոս