Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել դեսպան Սագանելիձեի ներդրումը հայ և վրաց ժողովուրդների բարեկամության, միջպետական կապերի զարգացման գործում և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է բարեկամ Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական ոլորտներում փոխգործակցության խորացումը և պատրաստակամ է այսուհետ ևս շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:
Հայաստանում Վրաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին գնահատանքի և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Գեորգի Սագանելիձեն նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով և կմնա մեր երկրի, հայ ժողովրդի լավ բարեկամը: