Լորուտի և Մարցի բնակիչները ոստիկաններին ծեծել են, ոստիկանության մեքենաներից մեկը գցել են ձորը, մյուսը՝ հրկիզել. ոստիկանությունը՝ Լոռիում տեղի ունեցած վթարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի ծառահատումների և բնապահպանական ոլորտի հանցագործությունների դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների նպատակով ոստիկանության Թումանյանի բաժնի հաշվեկշռում գտնվող ոստիկանական տարբերանշաններով և փարոսիկներով կահավորված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանության ծառայողները օգոստոսի 14-ին ժամը 20.30-ի սահմաններում Մարց գյուղի վերևի մասի անտառի հատվածում նկատել են ակնհայտ բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենա, որը բարձրախոսի միջոցով բարձրաձայնելով փորձել են կանգնեցնել։ Սակայն այն բարձր արագությամբ հիշյալ վայրից դիմել է փախուստի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից

«Ոստիկանության ծառայողները բարձրախոսով ներկայանալով որպես ոստիկանության ծառայողներ, անընդհատ հորդորել են, որ փախուստի դիմող ավտոմեքենան կանգ առնի։ Շարունակելով փախուստը՝ Մարց գյուղի հատվածում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված այլ ավտոմեքենայի և բարձր արագությամբ շարունակելով ճանապարհը՝ Լորուտ գյուղի մոտակայքում շրջադարձ կատարելու ժամանակ կորցնելով կառավարումը ընկել է մոտակա ձորակը, ինչի հետևանքով երկու ուղևորները տեղում մահացել են։

Ժամը 21.10-ի սահմաններում Լորուտ և Մարց գյուղերի մի խումբ բնակիչներ հավաքվել են նշված տարածքում, վիճաբանել ոստիկանության ծառայողների հետ, որի ընթացքում մարմնական վնասվածքներ են պատճառել վերջիններիս, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան հրելով գցել են մոտակա ձորը, ինչպես նաև հրկիզման եղանակով այրել են «Իքատակ» հանդամասում ծառայություն իրականացնելու նպատակով կայանված՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հաշվեկշռում գտնվող «ՎԱԶ 2106» ավտոմեքենան:
Դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացվում է ծառայողական քննություն»։




Լրահոս