Ինչպես շատ հայտնի մայրիկներ, այնպես էլ դերասանուհի Սոֆյա Պողոսյանն երեխայի լույս աշխարհ գալուն ընդառաջ մեկնել է օվկիանոսից այն կողմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ArmLur.am-ը դերասան, ռեժիսոր-բեմադրիչ Աշոտ Տեր-Մաթեւոսյանից հետաքրքրվել է կնոջ՝ Միացյալ Նահանգներ մեկնելու պատճառների, սիրելիից որոշ ժամանակով բաժանման եւ իր զգացողությունների մասին:
«Դե՛, քանի որ այս պահին իրարից հեռու ենք գտնվում ավելի շատ խոսում ենք հեռախոսով, փորձելով հաղթահարել այս բարդ շրջանը, որն անկեղծ ասած նաեւ բավականին հետաքրքիր փորձություն է մեզ համար, որ հասկանանք կարոտում ենք, չենք կարոտում, կարող ենք, թե չենք կարող իրարից հեռու լինել եւ հասկացանք, որ միմյանց շատ ենք կարոտում, եւ միմյանց կարիքը շատ ենք զգում, եւ չի կարող երկարատեւ բաժանում լինել»,-ասաց մեր զրուցակիցը:
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում բացառեց կնոջ մոտ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելը, նշելով որ, բոլորի կողմից այդքան սիրված երկիրն իրեն այնքան էլ չի գրավում, չնայած, որ չի բացառում, եթե իրեն հետաքրքրող աշխատանքի հրավեր լինի հնարավոր է, բայց մշտական բնակության մասին խոսք լինել չի կարող. «Աստված տա, երբեք կարիք չունենամ իմ երկրից դուրս գալ եւ այլ երկրում աշխատել: Սոֆյան նույնպես, գտնվելով այնտեղ, հասկացավ, որ նա նույնպես չի կարողանում եւ չի սիրում Ամերիկան»:
Մեր այն հարցին, թե արդյոք հայտնի է երեխայի սեռը, դերասանը նշեց, որ երեխայի սեռը հայտնի է, բայց ինքն այդ մասին հայտնել չի կարող. «Սոֆյան ինքը կորոշի երեխայի սեռը հայտնել հանրությանը, թե ոչ: Թող անակնկալ լինի: Անկեղծ ասած ինձ համար էական նշանակություն չունի, թե երեխան ինչ սեռ ունի, կարեւորը՝ առողջ բալիկ լինի»:
Եվ օգտվելով առիթից՝ մեզ հետ զրույցում Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւս մեկ անգամ սիրելիին սեր խոստովանեց. «Շատ եմ սիրում քեզ Սոֆ, եւ շնորհակալ եմ՝ ինձ հրաշք պարգեւելու համար»:
Լիդա Եղիազարյան