ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փեսան, հարսը, դուստրը, եղբոր տղան. ԲԴԽ անդամի ազգուտակը տեղավորվել է դատական համակարգում. ինչ որոշում է ուղարկվել Արմեն Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը շնորհակալություն հայտնում ԲԴԽ անդամ դատավոր Սերգեյ Չիչոյանին: Պարզվում է Չիչոյանի ողջ ազգուտակը ցանկություն ունի դատավոր դառնալ կամ աշխատել դատական համակարգում, ինչը ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն իրականացնում է այդ կերպ շնորհակալություն հայտնելով Չիչոյանին իր կատարարծ համարձակ քայլի համար:

Իսկ ինչ արեց նա: Ինչպես հայտնի է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար անհրաժեշտ էր 6 ձայն: Արդյունքում 5 ձայն ապահովել էին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար իշխող քաղաքական մեծամասնության կողմից ընտված իրավաբան-գիտնականները, իսկ մյուս մեկ ձայնը տվել է դատավոր Սերգեյ Չիչոյանը: Ստացվում է Չիչոյանի շնորհիվ Գագիկ Ջհանգիրյանը կարողացավ ազատվել Ռուբեն Վարդազարյանին եւ նշանակվել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Եվ ահա դատական համակարգը վճարում է Չիչոյանի կատարած քայլի գինը: Խոսենք փաստերով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ դատավոր Սերգեյ Չիչոյանի փեսային Անուշավան Մուշեղյանի որոշում է կայացվել նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Որոշումը ուղարկվել է նախագահ Արմեն Սարգսյանին, որ նա ստորագրի:

Ինչպես հայտնի է, Գոռ Թորոսյանը վերջերս նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, արդյունքում նրա տեղը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում թափուր է մնացել։ Մի շարք դատավորներ են դիմել նշանակման համար, ընդ որում՝ նրանց մեջ բավականին արժանավոր անուններ կան։

Օրինակ՝ Երեւան տեղափոխվելու համար դիմել է դատավոր Սամվել Մատինյանը, ում մայրը՝ Գոհար Մատինյանը ժամանակին Վերաքննիչ դատարանում է աշխատել։ Դիմել է նաեւ Շիրակից դատավոր Հովհաննես Ղազարյանը, ով եւս դատավորի զավակ է, նրա մայրը՝ Նոյեմ Հովսեփյանն է , սակայն դատական համակարգը նախընտրել է ու առաջ է բրդել Չիչոյանի փեսային:

Նկատենք, որ Չիչոյանի փեսան միակ անձը չէ, որ դատական համակարգում տեղափորվել է: Պարզվում է, որ Չիչոյանի երկու դուստրերը դատական համակարգում են աշխատում: Մասնավորապես դուստրը՝ Լիլիա Չիչոյանը, դատական դեպարտամենտում դատավորների ընդունելության վարչությունում աշխատում է որպես գլխավոր մասնագետ: Չիչոյանը անգամ հարսին Սոնա Խաչատրյանին է լավ տեղով ապահովվել:

Վերջինս ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի օգնականն է, սակայն ներկայումս ֆիզարձակուրդում է: Իսկ ահա Չիչոյանի եղբոր տղան՝ Ժորա Չիչոյանը, ցանկանում է դառնալ քրեական դատարանի դատավոր: Պարզվում է Ժորա Չիչոյանը քննությունից կտրվել է, սակայն արդյունքները բողոքարկել է եւ երջանիկ պատահականությամբ կամ դատավոր հորեղբոր թեթեւ ձեռքով կարողացել է բողոքարկման արդյունքում համապատասխան ցուցանիշը ապահովել եւ ներկայումս բանավոր քննության է պատրաստվում:

Ստացվում է, որ ԲԴԽ անդամ Չիչոյանի ողջ ազգուտակը այլ մասնագիտություն կամ այլ համակարգի տեղ չգիտի, ու բոլորը իրենց գտնում են դատական համակարգում՝ լուրջ պաշտոններ զբաղեցնելով:

Քնար Մանուկյան




Լրահոս