«ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ 2ՄԼՆ ԴՐԱՄ». ՏԻԿՏՈԿԵՐ ՌՈՒԶԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի տիկտոկեր քինգ Ռուզին ArmLur.am-ի հետ զրուցել է Տիկ-տոկով գումար աշխատելու, «վուլգար» կերպարի, ծնողների արձագանքի  եւ այլնի մասին: Վերջինիս հետ զրույցում  անդրադարձել ենք նաեւ երեւանյան սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի մանրամասներին:

 

-Ռուզի՛, նախ խոսենք Ձեր անվան ընտրության մասին. ինչո՞ւ Քինգ Ռուզի:

-Այո, այդ մասին շատերն են ինձ հարցնում, ինչու Քինգ, այլ ոչ թե Քուին: Այդպես եմ որոշել, քանի որ Քինգն իր ազդեցությամբ ավելի ուժեղ տեսակ է եւ ունի լիդերի բոլոր հնարավորությունները, ի վերջո թագավոր է, իշխող է, եւ ես ինձ հենց այդպիսին էլ համարում եմ, դա իմ բնավորության առանձնահատկություններից է:

-Դուք հանրության շրջանում հայտնի դարձաք Տիկ-տոկ եւ Ինստագրամ սոցիալական էջերից: Ինչպե՞ս որոշեցիք դառնալ տիկտոկեր:

-Անկեղծ նման որոշում կամ նպատակ ի սկզբանե չեմ ունեցել եւ երբեք խնդիր չեմ դրել ինքս իմ առաջ, որ անպայման պետք է դառնամ հայտնի տիկտոկեր: Տիկ-տոկ սոցիալական էջից առաջ ունեի մեկ այլ էջ, որտեղ կրկին տեղադրում էի վիդեոմյուզիքներ ինքս իմ հաճույքի համար, հետո երբ բացվեց Տիկ-տոկ էջը, նույն վիդեոների նման վիդեոներ սկսեցի նկարել եւ նույնպես այնտեղ էլ դնել, հետո հասկացա, որ մարդկանց շատ են հետաքրքրում իմ վիդեոները, նկարները, այն ամենը, ինչ որ ես անում եմ Տիկ-տոկում, եւ սկսեցի ավելի լուրջ զբաղվել դրանով: Սա ինձ համար սիրողական զբաղմունք է: Սոցկայքերից դուրս ես նույնպես ավելի հետաքրքիր կյանք եմ տեսնում, բայց Տիկ-տոկ ու Ինստագրամ սոցէջերն արդեն իմ ֆինանսական աղբյուրի մի մասն են կազմում: Ամսվա կտրվածքով իմ եկամուտը կարող  է հասնել մինչեւ 2 միլիոնի: Սովորել եմ Անգլիայում բիզնես մարկետինգ, գրաֆիկ դիզայն, բայց այս փուլում  դեռ լրջորեն չեմ զբաղվում իմ հիմնական մասնագիտություններով, ինձ դուր է գալիս իրականում զբաղվել միանգամից մի քանի գործով, չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, ես այդպիսին եմ:

-Ձեզ հաճախ սուր քննադատում  եւ մեղադրում են Ձեր արտաքին տեսքի համար: Ինչպե՞ս եք արձագանքում, դժվար չէ՞  ապրել նման իրականության մեջ:

-Ես իմ արտաքինը, ինչպես ասում են, վուլգար չեմ համարում, պարզապես մարդկանց համար անսովոր է նման արտաքին ունենալը: Իրենց համար եթե տգեղ է, ապա դա չի նշանակում, որ իսկապես ես գեղեցիկ չեմ: Եթե իրենք մի քիչ ուսումնասիրեին հիփ-հոփ, եվրոպական ոճ, նման կարծքներ չէին հնչեցնի: Իմ կարծիքով՝ վուլգար մարդ այս աշխարհում չկա: Հայ հասարակության մեջ  մտած է, որ պետք է ամեն բան լինի ստանդարտ: Կարեւորը արտաքինը չէ, այլ մարդկային որակներն են:

-Իսկ Ձեր ծնողներն ինչպե՞ս են արձագանքում Ձեր վարքագծին, ոճափոխությանը…

-Սկզբում շատ էին նեղվում, բայց իրենք ընդունում են ինձ այնպիսին, ինչպիսին որ ես կամ: Ես իմ տեսակով միշտ եմ առանձնացել: Նեղվել են բարեկամների, հարեւանների արձագանքից, բայց հասկացել են, որ դա իմ կյանքն է, եւ ես ապրում եմ այնպես, ինչպես ես եմ ուզում:

Զրւցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԹԱՏՐՈՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՓԱՌԱՏՈՆԻ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ հայաստանյան թատերախումբը կմասնակցի սեպտեմբերին Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին:

 

Ինչպես հայտնում է նախարարության տարածած հաղորդագրությունը, ոլորտի գերատեսչության նախարարի հրամանով հաստատվել է հայաստանյան թատերախմբի մասնակցության ծրագիրը. «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին  Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Էլժբետա Խովանեցի «Գարդենիա» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան)։ «Գարդենիա» ստեղծագործությունն ունի գեղարվեստական բարձր արժեք, իր նախ պատմողական, ապա երկխոսությունների հստակ, կտրուկ, թվացյալ պարզ լեզվի շնորհիվ։ Այն ուղերձ է հանդիսատեսին` ինքնաճանաչողության, կնոջ դերակատարման, նրան ուղղված նախախնամ մարտահրավերների վերլուծությամբ։

Ներկայացման դերակատարներն են Տաթեւիկ Մելքոնյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը եւ Հռիփսիմե Նահապետյանը: Նկարչական ձեւավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձեւավորումը` Գոռ Մարգարյանի: «Բելայա Վեժա»-ն Բելառուսում անցկացվող ամենահեղինակավոր թատերական փառատոնն է: Փառատոնին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլեւ տիկնիկային թատրոնները, ինչպես նաեւ տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային համույթներ ամբողջ աշխարհից:

 




Լրահոս