Ինչպես հայտնի է 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:
ՊՆ-ն հայտնել էր, որ հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Ի դեպ ՊՆ-ն նաեւ զգուշացրել էր, որ հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանք: Սակայն նկատենք, որ այս օրերին շատ քաղաքացիներ են հրաժարվել մասնակցել եւ տարբեր պատճառաբանություններ են առաջ քաշում, անգամ բանը հասել է դատական գործընթացին: Մասնավորապես՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի 23-ին վարժանքների մասով առաջին հայց է դատարան մուտք եղել:Քաղաքացի Ստեփան Մանուկյան դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի պաշտպանության նախարարությանը գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչի և հայցվորի 25.08.2021թ. մինչև 25.11.2021թ. անցկացվող վարժական հավաքին չմասնակցելու հանգամանքի հարգելի լինելը ճանաչի ու հաստատի:
Ըստ էության քաղաքացիները պատճառներ են առաջ քաշում, ինչ ՊՆ-ն համարում է ոչ հարգելի եւ բանը հասել է դատարան:
Քնար Մանուկյան