ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային ժողովում եռուզեռ է. ովքեր են հանձնաժողովների փոխնախագահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ձևավորվման գործընթացը դեռ շարունակվում է: Անցյալ շաբաթ նիստեր են գումարել մշտական հանձնաժողովները եւ ընտրել հանձնաժողովների փոխնախագահներին, սակայն աշխատանքները դեռեւս ավարտին չեն հասցվել:

Այսպիսով, ինչ տեսք ունեն հանձնաժողովները. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, որից հինգը՝ իշխող ՔՊ-ից են, նախագահն էլ՝ Հերիքնազ Տիգրանյանը: Այս հանձնաժողովը իր փոխնախագահին կընտրի օգոստոսի 30-ին: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը եւս իր նախագահին կընտրի այդ օրը, Նարեկ Զեյնալյանի գլխավորած հանձնաժողովն ունի վեց անդամ, որից միայն մեկն է ընդդիմադիր Հայաստան դաշինքից:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ամբողջովին ձևավորվել է. նախագահը Էդուարդ Աղաջանյանն է, փոխնախագահը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը: Այս հանձնաժողովն ունի 11 անդամ, որից չորսն ընդդիմադիր է:

Ութ հոգուց բաղկացած գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւս ձևավորված է, նախագահ՝ Սիսակ Գաբրիելյան, փոխնախագահ՝ Թագուհի Ղազարյան: Արման Եղոյանի գլխավորած Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, որը բաղկացած է վեց անձից մեկն է ընդդիմադիր, փոխնախագահն էլ ՔՊ-ական Մերի Գալստյանն է:

Պատիվ ունեմ խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ կընտրի օգոստոսի 30-ին: Հանձնաժողվոը բաղկացած է ութ անդամից, որից երեքն են ընդդիմադիր:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ կընտրի օգոստոսի 31-ին: Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովն ունի 11 անդամ, որից ընդդիմադիր են չորսը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն ամբողջովին ձևավորված է, 11 հոգանոց հանձնաժողովի նախագահը Վլադիմիր Վարդանյանն է, փոխնախագահը՝ Վահագն Հովակիմյանը:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ կընտրի օգոստոսի 30-ին, ընդդիմադիր Արմեն Գևորգյանի ղեկավարած հանձնաժողովն ունի յոթ անդամ:  Այդ օրը փոխնախագահ կընտրի նաեւ Նիկոլ Փաշինյանի քավոր՝ Վահե Ղալումյանի ղեկավարած Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, որն ունի տասը անդամ, չորսը ընդդիմադիր են:

9 հոգուց բաղկացած ընդդիմադիր Վահե Հակոբյանի ղեկավարած տնտեսական հարցերի հանձնաժողովում փոխնախագահը Բաբկեն Թունյանն է, իսկ ահա Ֆինանսավարկային հանձնաժողովը, որի նախագահը Գևորգ Պապոյանն է, իր փոխնախագահին կընտրի օգոստոսի 31-ին:

Հավելենք, որ պետք է ձևավորվեն նաեւ բարեկամական խմբեր, միջխորհրդարանական հանձնաժողովներ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս