Այսօր «ՀայՓոստ»-ը հայտարարություն է տարածել այն մասին, որ կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող շահառուներին սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարելու կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
ArmLur.am-ը դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը փոխանցեց, որ կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով Հայփոստն ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով, ապա վստահեցրեց, որ վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում:
Երբ ArmLur.am-ը խնդրեց նշել պատճառը, մամուլի խոսնակը կարճ պատասխանեց. «խնդիրը տեխնիական է: Ֆինանսավորումը նախատեսված էր, բայց լրացուցիչ բաշխման անհրաժեշտություն է առաջացել, որն իրականացնելու համար մեկ-երկու օր է պահանջվելու»:
Ընդ որում սոցապնախարությունից հստակ ժամկետ չեն մատնաշում, թե երբ են մնացած գումարը փոխանցելու Հայփոստ ընկերությանը: Մյուս կողմից նկատենք, որ առաջիկա օրերը ոչ աշխատանքային են, և ստացվում է, որ մարդիկ մոտ մեկ շաբաթ այդքան սպասված գումարը չեն ստանալու, բայց չէ որ շատերի համար այն ապրելու խնդիր է լուծում:
Կարճ ասած՝ սոցապնախարարությունն իր սովորության համաձայն դարձյալ գործել է փնթի, անկազմակերպ՝ անհարմար դրության մեջ գցելով բազմաթիվ քաղաքացիներին: Այսինքն մինչ բաշխման գործընթաց սկսելը ստացվում է, որ թերի հաշվարկներ է կատարել ու չի պլամնավորել, թե որքան գումար է փոխանցելու «Հայփոստ»-ին:
Այլ քաղաքակիրթ երկրներում նման անբարեխիղճ աշխատանքի համար համապատասխան պաշտոնյաներ կազատվեին աշխատանքից, իսկ մեր երկրում սոցապ նախարարությունը բավարարվում է միայն հայցելով քաղաքացիների ներողամտւթյունը:
Հուսանք՝ առաջիկայում նախարարությունն անկեղծ կգտնվի և հանրությանը լիարժեք կներկայացնի, թե ինչու է գումարը կիսատ փոխանցել:
Ս.Հ.