Բժիշկները հրաշք են համարում, որ կարողացան ոտքս փրկել. Թամարա Գեւորգյանը՝ ավտովթարի և կյանքի բարդ շրջանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Թամարա Գեւորգյանն ArmLur.am-ի հետ առաջին անգամ զրուցել է ավտովթարից ստացած ծանր վնասվածքի, հոգեբանական բարդ վիճակը հաղթահարելու եւ կրկին աշխատելու մասին:

Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, որ այս պահին օրը հագեցած է «Հրեշը լուսնի վրա» թատերական ներկայացման փորձերով, որի պրեմիերան տեղի է ունենալու շատ շուտով:

«Ներկա կարգավիճակիս համար չեմ նեղսրտում, հատկապես ինձ այս իրավիճակից դուրս գալու համար շատ է օգնում սիրելի աշխատանքս, բացի այդ  բոլորի հետ էլ կարող է նման դժվարին իրավիճակներ, դեպքեր լինեն, պետք չէ հուսահատության մեջ ընկնել, այլ հակառակը պետք է պայքարել եւ կյանքի հանդեպ սիրով լցնել: Չարաբաստիկ դեպքից հետո մի պահ է եղել, երբ հասկացա, որ շատ ծրագրեր կիսատ են մնալու, բայց ուժեղ գտնվեցի եւ թույլ չտվեցի ինձ հանձնվել այդ մտքին, հիվանդանոցից տուն տեղափոխվելու օրվանից սկսված եղել եմ լիապես ներգրավված ինձ համար այդքան սպասված եւ կարեւոր «Հրեշը լուսնի վրա» ներկայացման փորձերով: Այդ փուլում ինձ համար միակ սփոփանքն եւ դեղամիջոցը իմ սիրելի գործով զբաղվելն էր, եւ բոլորն էլ գիտեն, որ արվեստը ունի բուժիչ յուրահատուկ ազդեցություն: Բացի դա ինձ ուժ տվեց իմ բնավորությունը, ես տեսակով անպիսի մարդ եմ, որ յուրաքանչյուր խոչընդոտի, խնդիրների դեպքում մտածում եմ ոչ թե ինքս իմ մեջ պարփակվելու, այլ արագ իրավիճակից դուրս գալու եւ ելքեր փնտրելու մասին: Իմ կողքին էին նաեւ իմ ընտանիքը, ընկերներս ու իմ սիրելին, եւ հենց իրենց շնորհիվ կարողացա մաքսիմալ թեթեւ տանել, չնայած, որ մինչեւ հիմա դեռ շարունակում եմ բուժվել, վերականգնվել, բայց ամեն ինչ դեռ առջեւում է եւ վստահ կարող եմ ասել, որ ոչ մի վայրկյան չեմ կոտրվել: Այն ժամանակը, որ պետք է նստեի եւ սպասեի, թե երբ պետք է ապաքինվեմ, դրա փոխարեն նախընտրել եմ աշխատել եւ ստեղծագործել, զբաղվել իմ սիրելի աշխատանքով»,-ընդգծում է դերասանուհին:

Թամարայի խոսքով դեպքից անցել է բավականին ամիսներ, բայց մինչեւ այսօր բժիշկները հրաշք են համարում, թե ինչպես է կարողացել փրկվել նման ավտովթարից հետո:

«Հրաշք են համարում, թե ինչպես հնարավոր եղավ ոտքս փրկել, եւ հիմա էլ ինձ մոտ ամեն ինչ գնում է սպասվածից ավելի լավ, մինչդեռ նման ծանր վնասվածքներով մարդիկ վերականգման համար բավականին բարդ փուլ են անցնում»,-նկատում է Թամարան եւ հավելում, որ հիմա  ամենօրյա վերականգման աշխատանքներ են տանում կինեզոլոգի հետ, եւ լիահույս է, որ կապաքինվի եւ կկարողանա քայլել:

Հարցին, թե ինչ է փոխվել իր մեջ ավտովթարից հետո: Դերասանուհին պատասխանում է, որ չի ուզում շատ խորանալ, այսպես ասած փիլիսոփայել, բայց մի բանում վստահ է, պետք է ապրել բումերանգի օրենքի սկզբունքով եւ դիմացինին միայն տալ բարին ու դրականը, քանի որ ամեն ինչ աս կյանքում հետ վերադառնալու ուժ ունի:

«Ինձ համար առհասարակ մարդկային կյանքը բաժանված է երկու մասի՝ «դեպքից առաջ» եւ «դեպքից հետո», շատ բաներ են փոխվում, բայց հիմա ես ուղղակի հասկացել եմ ամենակարեւոր բանը, որ այս կյանքում ոչինչ քո ձեռքերում չէ: Պետք է միայն բարին տալ եւ փոխադարձաբար վերցնել, քանի որ կյանքը կարող է քեզ ամեն վայրկյան այնպիսի անակնկալ մատուցել, որին դու պատրաստ չէիր»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս