ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  լրացավ  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երկրորդ տարեդարձը: Թեպետ այս դեպքում ավելի տեղին կլիներ օգտագործել ոչ թե տարեդարձ, այլ  տարելից բառը, քանի որ ի սկզբանե պարզ էր, որ ստորագրված արձանագրությունները մեռելածին են: Ընդ որում, այդ մասին շատ լավ գիտեին թե՛ Սերժ Սարգսյանը, որի ամենահզոր փաստարկն այն էր, թե թուրքերը չեն հանդգնի խաբել ամերիկացիներին, թե՛ Էդուարդ Նալբանդյանը, ով անցած փետրվարին ավստրիական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոստովանեց, որ Թուրքիայից այլ բան չէր էլ սպասվում: Ամեն դեպքում,  հայ-թուրքական  հարաբերությունների հաստատման այս չկայացած գործընթացը բացահայտեց մի շարք իրողություններ, որոնց մասին արժե  խոսել: Նախ` հայ-թուրքական արձանագրությունների վեցշաբաթյա համազգային քննարկման ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանում ցանկացած հարցում կարող է պարտադրվել իշխանությունների դիրքորոշումը, քանի որ մեր երկրում չկա անկախ մտավորականություն, կա ընդամենը իշխանություններին հաճոյանալու համար անգամ ամենանվիրական արժեքներն ուրացող տիտղոսավոր կամակատարների թվաքանակ: Ասվածի վառ ապացույցն էր ՀՀ ազգային ակադեմիայում տեղի ունեցած քննարկումը, որտեղ հարյուրավոր ակադեմիկոսներից ու գիտնականներից հայ-թուրքական արձանագրություններին դեմ խոսեց միայն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն  Աշոտ Մելքոնյանը:Արձանագրությունների հետ կապված այս գործընթացը ցույց տվեց նաեւ, որ Հայաստանում իրական, գաղափարական ընդդիմություն էլ չկա: Դաշնակցության անցկացրած եռօրյա դիետ-հացադուլներն ու ԱԳ նախարարի հրաժարականի կիսաբերան պահանջները էլ ավելի ակնհայտ դարձրեցին ասվածը:  Սակայն արձանագրությունների ամենամեծ վտանգը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումը կամ դանդաղեցումն էր: Եւ այս առումով, որքան էլ Սերժ Սարգսյանը ոգեշնչվի նախօրեին Նիկոլա Սարկոզիի արտաբերած «Ցեղասպանություն» բառից եւ փորձի ինքն իրեն ու հանրությանը համոզել, թե «մեր հայրենակիցները հասկացան, որ այդ մեղադրանքները որեւէ հիմք չունեն», կարծում ենք, ակնհայտ է, որ տվյալ դեպքում Սարգսյանի ոգեւորությունը հիմք չունի, քանի որ Նիկոլա Սարկոզին ընդամենը կրկնեց այն նույն հնարքը, ինչ Բարաք Օբաման` ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործելով «Մեծ եղեռն» ձեւակերպումը: Մինչդեռ միջազգային իրավագիտության մեջ դրա համար կա մեկ` գենոցիդ տերմինը, որն օգտագործելուց  ԱՄՆ նախագահը այդքան հնարամտորեն խուսափեց: Այսքանով հանդերձ, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն առնվազն մեկ շատ կարեւոր դրական արդյունք  տվեց. դա թուրք-ադրբեջանական հարաբերությունների աննախադեպ լարումն էր: Ինչ էլ որ ասվի, այդ գործընթացի արդյունքում զգալիորեն սասանվեց «երկու պետություն, մեկ ժողովուրդ» գաղափարը, որի արդյունքում, ինչպես Իլհամ Ալիեւն էր ասել վիկիլիքսյան բացահայտումներում` «Բաքուն այլեւս երբեք չի հավատա ստախոս եւ դավաճան Անկարային»:




Լրահոս