ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ քայլերթեր իրականացրին Երևանի տարբեր վարչական շրջաններում ու տարբեր փողոցներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զինվորականները քայլերթերն իրականացրին ՀՀ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբի ուղեկցությամբ։
Քայլերթերը տեղի են ունեցել Նոր Նորք, Դավիթաշեն, Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում։ Կենտրոն վարչական շրջանում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները քայլերթը սկսեցին Մաշտոցի պողոտայից՝ Ֆրանսիայի հրապարակից և հասան Ամիրյան փողոց։
Երթն ուղեկցվում էր հետաքրքրասերների բազմությամբ, ովքեր տեսանկարահանում էին զինծառայողներին ու զինվորական նվագախումբը՝ երգելով Հայաստանին նվիրված երգերը: Մարիաննան, որը ոգևորությամբ նկարահանում էր շքերթը, ասաց՝ իր համար անկախությունը բարձրագույն արժեք է: Նա շնորհավորեց բոլոր հայերին տոնի առթիվ՝ մաղթելով կապույտ երկինք: Հայկն էլ ասաց, որ շատ է գնահատում անկախությունը, որին Հայաստանը դժվարությամբ է հասել:
«Անկախությունը ձեռք է բերվում հայրենասիրությամբ, իսկ հայրենասիրությունը՝ դաստիարակությամբ ու կրթությամբ: Հույս ունեմ՝ բոլորս գիտակցում ենք դա և ամեն ինչ կանենք՝ պահպանելու համար մեր ազատությունն ու անկախությունը»,- նշեց նա: