Իմ նպատակը միայն հաղթանակն է. Միրնա Բզդիգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Աշխարհ Արմենիա» ճանաչված Միրնա Բզդիգյանը Սիրիայից է։ 2 տարի է, ինչ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ ArmLur.am-ը Միրնայի հետ զրուցել է տիտղոսի, զգացողությունների եւ «Միսս աշխարհ» միջազգային մրցույթին պատրաստվելու մասին:

«Երբ հնչեց իմ անունը, իսկապես անսպասելի էր, զգացմունքներս շատ խառն էին, եւ երբ արդեն «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը մոտեցավ ինձ թագադրելու, միայն այդ պահին զգացի, որ ուրիշ մարդ եմ: Անկեղծ ասած մինչ մրցույթի սկսվելը ներքին զգացողություն ունեի, որ հնարավոր է ես լինեմ տիտղոսակիրը, բայց չէի ուզում կենտրոնանալ այդ մտքի վրա, քանի որ բոլոր աղջիկներն էլ արժանի էին հաղթանակի»,-ասաց մեր զրուցակիցը:

Միրնան մեզ հետ զրույցում ցավով է նշում, որ մրցույթի ավարտից հետո ավարտվել է նաեւ այն հեքիաթը, որը ստեղծել էին մյուս գեղեցկուհիների հետ. «Մրցույթի ավարտից հետո չէի ուզում հավատալ, որ ավարտվեց մեր այս սիրուն հեքիաթը, որը ստեղծել էինք մեր մյուս աղջիկների հետ, բայց արդեն հաջորդ օրվանից սկսեցի հավատալ, որ ես եմ տիտղոսակիրը, եւ դա իրական է»:

Հարցին, թե արդյոք սկսել է նախապատրաստվել «Միսս Աշխարհ»-ին, գեղեցկուհին նշեց, որ շուտով կսկվեն մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որը տեղի է ունենալու Պուերտո Ռիկոյում՝ դեկտեմբեր ամսին:

«Մեզ սպասվում է շատ դժվարին եւ բարդ աշխատանք, ես պետք է աշխատեմ շատ բարեգործական կազմակերպությունների հետ, որը նաեւ մեկն է եղել այն նպատակներից, որի համար ներկայացել եմ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթին:

Միրնան հոգեպես շատ պատրաստ է իրեն զգում: Լինելով պրոֆեսիոնալ լողորդ՝ ունի փորձ պատրաստվելու նման բարդ եւ պատասխանատու միջազգային մրցույթների. «Այս պահին նույն ձեւով եւ պատասխանատվությամբ եմ վերաբերում նաեւ «Միսս աշխարհ» մրցույթին, որտեղ ամենայն պատվով պետք է ներկայացնեմ Հայաստանը: Մրցույթը հիմնականում հիմնված է բարեգործական աշխատանքի հիման վրա, բացի դա պետք է ակտիվորեն զբաղվենք նաեւ սպորտով, քանի որ լինելու է նաեւ սպորտի փուլ»,-ընդգծում է Միրնան՝ նկատելով, որ յուրաքանչյուր մասնակցի նպատակը հաղթանակն է, բայց նաեւ կարեւոր է մրցույթում դրական ներկայանալի լինելը:

«Կարեւոր է ներկայացնել երկիրը պատասխանատվությամբ եւ պատվով: Իմ նպատակը միայն հաղթանակն է, եւ այն դրական էմոցիաներով տպավորությունը, որը կմնա մարդկանց հիշողության մեջ: Իհարկե, շատ դժվար կլինի պայքարել նման մեծ պետությունների կողքին, քանի որ իրենք ավելի մեծ աջակցություն են վայելում, եւ այս պահին Հայաստանը կարիք ունի նման աջակցության, որ իր տիտղոսակիրը իրեն հաղթանակ բերի: Սա միայն մասնակցի պայքար չէ, այլ մի ամբողջ թիմի, եւ մեր թիմն հենց այդպիսին է: Շնորհակալ եմ Գոհար Հարությունյանին, ժյուրիի անդամներին՝ ինձ այս հնարավորությունը տալու համար: Խոստանում եմ տիտղոսը կրել ամբողջ պատասխանատվությամբ ու ամենաարժանի ձեւով»,-հավելում է «Միս Աշխարհ Արմենիա» Միրնա Բզդիգյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս