Armlur.am-ի տեղեկություններով ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում է հոկտեմբերի 5-ին կրկին արտահերթ նիստ հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների այդ օրը կրկին հանձնաժողովը մեկ օրակարգային հարց ունի` հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Սա արդեն 6-րդ անգամը կլինի, որ այդ հանձնաժողովը նույն հարցի շուրջ արտահերթ նիստ է հրավիրում ու նույն օրակարգով:
Բանն այն է, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ իշխանությունը հրաժարվում է նրան ընտրել: Վերջին ընտրության ժամանակ իրավիճակն այնքան թեժացավ, որ նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անգամ իրենց թեկնածուին չներկայացրեց հանձնաժողովին` լքելով դահլիճը, որից հետո Արթուր Ղազինյանը հեռացավ: Ու հիմա, երբ Հայաստանում պաշտպանության և անվտանգության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են առկա, այդ հանձնաժողովը կրկին նույն «ներկայացման» մոտիվներով նիստ է հրավիրել, որը կարծես թե նույն հանգուցալուծումը պետք է ստանա: