Ո՞Վ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԻՍՍ ԵՐԿԻՐ» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս երկիր» գեղեցկության միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Երեւանում ծնված 23-ամյա Մարինա Շուքուրյանը։  Մրցույթի եւ այլ մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցել է 20 միջազգային մրցույթների հայաստանյան ներկայացուցչության տնօրեն, պրոդյուսեր Յանա Գրիգորյանի հետ:

 

Մարինան մասնագիտությամբ տնտեսագետ է: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտություն եւ կառավարում բաժինը: Սովորել է նաեւ գրաֆիկ դիզայն եւ հիմա աշխատում է այդ ոլորտում, զուգահեռ զբաղվում է մոդելինգով։

«Գուցե Հայաստանում քչերն են տեղյակ, բայց «Միսս երկիր»-ն ունի նույն վարկանիշը, ինչ «Միսս տիեզերքը», «Միսս աշխարհը» եւ «Միսս ինտերնացիոնալը»,- նշում է մեր զրուցակիցը:

Նա 2019 թվականին արժանացել է «Թոփ մոդել Հայաստան» տիտղոսին: Մարինան շատ ուրախ է, որ հենց իրեն է հնարավորություն ընձեռվել ներկայացնելու Հայաստանը «Միսս երկիր 2021»-ում։ Նշենք, որ տիտղոսակիրը  չի դիմել ոչ մի պլաստիկ միջամտության։

Պրոդյուսեր Յանա Գրիգորյանի խոսքով` համավարակի պատճառով մրցույթը կանցկացվի հեռահար։

«Միսս երկիր 2021»-ը մեկնարկել է սեպտեմբերի 20-ին Ֆիլիպիններում եւ կավարտվի դեկտեմբերի 12-ին։ Այս տարի տիտղոսի համար կպայքարեն 100 երկրների գեղեցկուհիներ։ Հայաստանը մրցույթին մասնակցում է 5-րդ անգամ։

«Այս տարի որոշեցի համագործակցել Տաթեւ Ավետիսյանի հետ, որը «Թոփ մոդել Արմենիա», «Միսս Ֆեյսբուք» եւ «Միսս Ինստագրամ» մրցույթների կազմակերպիչն է։ Կան պլաններ հետագայում միասին համագործակցելու եւ բարձր մակարդակով կազմակերպելու ազգային մրցույթ, որի շրջանակում ավելի շատ աղջիկներ հնարավորություն կունենան մասնակցելու նախընտրական փուլին եւ 2022 թվականին Հայաստանը ներկայացնելու «Միսս երկիր 2022»-ին»,- նշում է Յանա Գրիգորյանը։

«Միսս երկիր» միջազգային գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանավորությամբ։ Սա այն մրցույթներից է, որտեղ աղջիկները, արտաքին տվյալներից բացի, պետք է կարողանան ճիշտ ներկայացնել սոցիալական մի շարք հարցեր, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն ու բնապահպանությանն առնչվող խնդիրները։

Հիշեցնենք, որ 2015 թվականին այս մրցույթում մեր երկիրը ներկայացրել է Լիլիթ Մարտիրոսյանը, 2018 թվականին՝ Սոնա Դանիելյանը, 2019 թվականին` Հռիփսիմե Սարգսյանը, 2020-ին` Երանուհի Մելիքյանը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳԻՉ ՀԱՅԿՈՆ

Երեկ Միքայելյան հիվանդանոցում կյանքի եւ մահվան երկարատեւ կռվից հետո մահացել է  երգիչ, երգահան ՀՀ վաստակավոր արտիստ Հայկո Հակոբյանը։

 

Նշենք, որ նա վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները բոլոր հնարավոր զենքերով պայքարում էին նրա կյանքի համար, բայց…

Հայկոն սովորել է Երեւանի թիվ 170, ապա Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։

Հայկոն ծնվել է 1977 թվականի օգոստոսի 25-ին Երեւանում:

1987 թ. ավարտել է Երեւանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը եւ ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։

1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին եւ դարձել հաղթող։

1998թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. եւ 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ եւ զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. եւ 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Գրել է նաեւ «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։

Երգիչը 44 տարեկան էր:

ArmLur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը իր խորին ցավակցությունն է հայտնում երգչի ընտանիքին եւ հարազատներին:

 

 

ՌԵՓԵՐԻՆ ՉԵՆ ՃԱՆԱՉԵԼ

Բելգիայի Ֆլամանդական շրջանի բնակիչները, ուր վերջերս ռեփեր Քանյե Ուեսթն անշարժ գույք է ձեռք բերել, հայտնի ռեփերին չեն ճանաչել. հայտնում է «Het Laatste Nieuws» թերթը։ Ուեսթի նոր անշարժ գույքը գտնվում է Անտվերպենից ոչ հեռու գտնվող հեղինակավոր շրջանում։ Պարբերականի տեղեկություններով՝ առնվազն բնակիչներից մեկը պատկերացում անգամ չի ունեցել, թե ով է Քանյե Ուեսթը։ «Ես Քանյեին հարցրի՝ նա այդ շրջանում չի ապրում արդյոք, ինչից հետո նա զարմացավ ու նայեց ինձ։ Հետո նա ասաց, որ իր անունը Քանյե Ուեսթ է։ Ես նայեցի նրան, ինչից հետո նա ինձ հարցրեց՝ չեմ ճանաչում արդյոք իրեն։ Վերդառանալով տուն՝ ես որոնեցի նրա անունն ու հասկացա, որ իրականում խոսում էի համաշխարհային հայտնիություն ունեցող աստղի հետ»,- հայտարարել է տեղի բնակիչների մեկը։ Մեկ այլ հարեւան գրեթե ոչինչ չի լսել երաժիշտի մասին։ «Ո՞վ է Քանյեն։ Հավանաբար ռեփեր է կամ նման մի բան»,- ասել է նա։

Հաղորդվում է նաեւ, որ Քանյեին նկատել են Վեյնեգեմում։ Այդ շրջանում է գտնվում Բելգիայի ամենախոշոր մասնավոր արտ-ցուցադրահը։ Ցուցասրահն ու լոֆթերը պատկանում են արտ դիլեր եւ ինտերիերի դիլեր Աքսել Վերվորդտին, որը նախկինում աշխատել է Փարիզում, Լոս Անջելեսում Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի տների վրա։ The Sun-ի հաղորդմամբ՝ Վերվորդտի ներկայացուցիչը չի հաստատել, որ Ուեսթը բնակարան է ձեռք բերել Վեյնեգեմում։

 

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿԱՎԱՐՏԻ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Մենի Պակյաոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկը մտադիր է մասնակցել Ֆիլիպինների նախագահական ընտրություններին: «Շնորհակալություն մեծագույն երկրպագուներին ու աշխարհի լավագույն մարզաձեւին: Շնորհակալություն ամեն ինչի ու հրաշալի հիշողությունների համար: Սա ամենաբարդ որոշումն է, որը երբեւէ ընդունել եմ ու հաշտվել դրա հետ: Հետապնդեք ձեր երազանքներին, ջանասիրաբար աշխատեք ու կտեսնենք, թե ինչ կստացվի: Ցտեսություն, բռնցքամարտ»,- թվիթերյան էջում գրել է 42-ամյա Պակյաոն: Մենի Պակյաոն պրոֆեսիոնալ ռինգում տարել է 62 հաղթանակ, կրել 8 պարտություն ու գրանցել 2 ոչ-ոքի: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր օգոստոսին Լաս Վեգասում՝ միավորներով պարտվելով 35-ամյա կուբացի Յորդենիս Ուգասին:

 




Լրահոս