«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանը խաբել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին: Գործին խառնվել է դատական համակարգը, եւ իրավիճակը փոխել է մի վճարման կտրոն, որը իրականությունը ջրի երես է հանել: Հոկտեմբերի 8-ից լրացավ մեկ ամիսը, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Գործը շատ մեծ հնչեղություն է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը՝ պարզելու, թե տարիների թմբիրից դուրս հանած պատմությունն ու Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված անձինք ինչով են հայտնի:
ԱԺ պատգամավորին փորձել են խաբել
Պարզվում է, որ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանն ու Աժ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ են նախկինում բախվել միմյանց: Այդ պատմությանը միջամտել են նաեւ Աղվան Հովսեփյանի ընտանիքի անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ովքեր են ցուցմունք տվել Աղվան Հովսեփյանի դեմ, որոնք դրված են քրգործի հիմքում: Նրանք են Հովսեփյանի ընկերներից Շանթի Յուրան՝ Յուրա Ղարիբյանը, եւ նրա ընտանիքի հետ բիզնես կապերի մեջ գտնվող Արշավիր Սարգսյանը՝ ՀԷԿ-երի Արշոն: Եւ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ մինչ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տալը Արշավիր Սարգսյանի անվան շուրջ ուշագրավ զարգացումներ են եղել, որը թեժացել, հասել է դատարան:
Այսպիսով, մինչ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տալը Արշավիր Սարգսյանի, նախկին ԲՀԿ-ական, այժմ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ընկերության, ինչպես նաեւ Աղվան Հովսեփանի որդու՝ Միսակ Հովսեփյանի միջեւ գումարային պարտք ու պահանջի հարց է առաջացել, ու հարցը հասել է դատարան:
Դատարանի խառնվելը չփրկեց իրավիճակը
2017 թվականի մայիսի 17-ին Արշավիր Սարգսյանին եւ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ն դիմում է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ին իրեն վճարել 20 միլիոն դրամ մատակարարված ապրանքների գումարը: Ի դեպ, գումարի վճարման պահանջի առանձին հարցով դատարան է դիմում նաեւ Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, քանի որ պարզել է, որ պատգամավոր Բագրատյանի ընկերությունը իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել՝ պարտքեր կուտակելով:
Պատգամավորի ընկերությունը կռիվ է տալիս
Դատարանում Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ն հրապարակավ հայտարարում է, որ ընկերության կողմից ամբողջությամբ վճարվել են պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, եւ իրենք պատշաճ կարգով կատարել են իրենց պարտավորությունները, «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ի հանդեպ պարտավորություն չունեն:
Չնայած այս հայտարարությանը՝ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Առաջին ատյանի դատարանը Աղվան Հովսեփյանի որդու ընկերության հայցը բավարարում է եւ ստիպում է պատգամավորին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ին վճարել Աղվան Հովսեփյանին եւ Արշավիր Սարգսյանին պատկանող ընկերության պարտքը: Սակայն Սերգեյ Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ն Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է Վերաքննիչ դատարանում:
Ամեն ինչ խառնվում է իրար
ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանում է Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ քաղաքացիական գործը ուղարկում Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Վերաքննիչում արդեն իրականությունը դուրս է գալիս ջրի երես, եւ բացահայտվում է իրողությունը: 2021 թվականի հունիսի 8-ին դատավոր Ավագ Գաբրիելյանը որոշում է կայացնում եւ «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, թողնում է առանց քննության, քանի որ Աղվան Հովսեփյանի որդուն՝ Միսակին, եւ Արշավիր Սարգսյանին պատկանող ընկերությունը չի ներկայանում դատարան:
Ի՞նչ հանցավոր արարք բացահայտվեց
Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Աղվան Հովսեփյանի որդին չի ներկայացել դատարան ու ամեն ինչ չի արել, որպեսզի պատգամավորի ընկերությունից ստանար իր գումարը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Աղվան Հովսեփյանի որդին բացահայտել է իրականությունը: Բանն այն է, որ Սերգեյ Բագրատյանի ընկերությունը Հովսեփյանների ընտանիքին ցույց է տվել հավաստի փաստաթուղթ՝ վճարման կտրոնը, որ ինքը վճարել է ընկերության պարտքերը, սակայն այն չի հասել Աղվան Հովսեփյանի որդուն, ավելին՝ նրանից գաղտնի է պահվել: Հովսեփյանների ընտանիքը, հասկանալով, որ հայտնվել է անհարմար դրության մեջ, ստիպված են լինում չներկայանալ դատարան:
Ի՞նչ է ստացվում. Սերգեյ Բագրատյանն իր պարտավորությունը կատարել է, պարտքերը մարել է, սակայն նախկին դատախազի որդուն գումար չի հասել: Եթե իրավաբանորեն ձեւակերպենք, ստացվում է՝ Հոսսեփյանների գործընկեր Արշավիր Սարգսյանը հափշտակություն է արել: Սակայն դրա հիմնավորումները պետք է դեռ ստուգի եւ ապացուցի ՀՀ ՀՔԾ-ն, որը այս պահին քննում է միայն Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված անձանց ասածները: Հուսանք՝ այս մոռացված պատմությունը ՀՔԾ-ի համար հանցագործության մասին հաղորդման հիմք կհանդիսանա, եթե, իհարկե, չկա քաղաքական հրահանգ, միայն քննել Արշավիր Սարգսյանի պատմածները, բայց ոչ երբեք նրա գործողությունները: Հավելենք, որ, դատարանի որոշմամբ, Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ։
Ի դեպ, երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց մերժել Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու մասով. ասել է թե՝ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ ՔՆՆՉԱԿԱՆ
ArmLur.am-ի հետ զրույցում գործարար Տիգրան Արզաքանցյանը հաստատեց, որ իրեն հրավիրել են հարցաքննության ՀՀ քննչական կոմիտե: Պարզվում է, որ Տիգրան Արզաքանցյանին միայն իր եղբոր դեմ հարուցված քրեական գործով չեն կանչել հարցաքննության, նաեւ այլ քրեական գործով են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե: Հիշեցենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի քրեական գործը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչեւ 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ` ուրիշ անձանց օգտին, այն է` իր ղեկավարած ՓԲ ընկերության հետ որեւէ առնչություն չունեցող տնտեսվարող սուբյեկտների բանկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրել է ընկերությանը պատկանող դրամական միջոցները: Ըստ նախաքննական մարմնի` գրավադրել է, նախնական տվյալներով, 6.251.200 ԱՄՆ դոլար, որն ընկերությունը հետագայում կորցրել է նշված ընկերությունների կողմից իրենց բանկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ՝ 3788
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ եւ միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու եւ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված եւ նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու եւ հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությունում եւ ՀՀ-ում զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ:
Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Երիտասարդը ոստիկաններին նոր բան չի հայտնել, եւ քրեական հետախույզներն անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նրանք պարզել են, որ ժամը 18-ի սահմաններում Արտաշատի խճուղու սկզբնամասում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել է Նուբարաշենի բնակիչ, 30-ամյա մի երիտասարդ: Իր բնակավայրի մոտակայքում նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Ըստ նախնական տվյալի` կենցաղային անհիմն վեճի պատճառը ավելի քան «թեթեւ» էր, ինչը չի կարելի ասել վնասվածքի վերաբերյալ: Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Դանակահարողը ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են: