Ազատ խոսքի ու տեղաշարժի սահմանափակումներ․ ի՞նչ բերեց «լրագրողի» իշխանությունը ԶԼՄ-ներին գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ մամուլի օրն է։ Թեև տպագիր մամուլի աշխատակիցներիս շարքերը գնալով նոսրանում են, տպագիր թերթն էլ՝ փակվում, բայց հայաստանյան Newsmaker-ները հենց մենք ենք։ Մեր ենք, որ օրվա թեմաներ առանձնացնում, զատում ու հրապարակում այն, ինչ մյուսների աչքից վրիպել է։ Մենք ենք, որ ժամերով, օրերով, նույնիսկ շաբաթներով ու ամիսներով պրպտում ենք, հետազոտում, տարբեր աղբյուրներից ճշտում ու հրամցնում հասարակությանն ու մեր մյուս գործընկերներին, որոնք էլ հաճախ կամ որպես կանոն՝ միշտ, գնում են մամուլի հրապարակումների հետևից։

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, երբ իշխանության եկան լրագրողները, իսկ երկրի ղեկավարի պաշտոնը մամուլի վառ ներկայացուցիչներից մեկին՝ Նիկոլ Փաշինյանին անցավ, լրագրողական համայնքի մեծ մասը մի «արխային» հոգոց հանեց, թե՝ վերջ, հետայսու որևէ մեկը ռիսկ չի անի թիրախավորել կամ թթու խոսք ասել լրագրողներին։ Ես անձամբ նման ո՛չ ակնկալիք, ո՛չ էլ հույս ունեի։ Մտածում էի՝ բոլոր իշխանությունների նման Փաշինյանի կաբինետն էլ աչքով աչք չի ունենա «աչքիդ վերևն ունք կա» ասող լրագրողների հետ։ Պարզ բան է՝ իշխանությունը որպես վայելքների ու լավ կյանքի միջոց դիտարկող մարդիկ իրենց արածը հարցականի տակ դնող, հարցերին հաճախ քննող հայացքով նայող, ոչ ցանկալի հարցեր հնչեցողներին «ջան» ասել չեն կարող։ Դա, իհարկե, ճիշտ չէ, բայց Հայաստանի դեպքում անբացատրելի աքսիոմ է։

Փաշինյանի՝ վարչապետի լիազորությունները ստանձնելուց հետո հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցներ մեկը մյուսի հետևից ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսեցին այցելել։ Իրավապահ համակարգի անձինք ինչ-որ բաներ էին փնտրում ու չէին գտնում։ Լրագրողների համակարգիչներն էին ստուգում, երբեմն՝ հեռախոսները, անգամ գաղտնալսում էին։ Սա, աներկբա, ոչ այլ ինչ է, քան լրագրողի ազատության ու անկաշկանդվածության ոտնահարում։

Սիրո ու հանդուրժողականության մասին ասք ասող իշխանավորողներն այդքանով սակայն չսահամանափկվեցին։ Շուտով սկսեցին օրենսդրական այնպիսի փաթեթներ մշակել (հիմնականում գովազդներին վերաբերող), որ ուղղակիորեն լրատվամիջոցների բյուջեին էր հարվածում։ Լրագրողների ազատ տեղաշարժին էլ հասան ու սահմանափակեցին մեր՝ խորհրդարանաի միջանցքներում քայելելու, հարցազրույցներ վերցնելու իրավունքը։ ԱԺ այգում կամ հատուկ հատկացված տեղերում շփվեք պատգամավորների հետ, ասացին՝ հավելելով, թե եթե պատգամավորը ձեզ իր մոտ հարցազրույցի չի հրավիրում, ապա նրանից վազն անցեք։ Հանրային գործչի թափանցիկ գործունեության ու հասարակությանը դա մատուցելու թեզերի մասին, «նորերը», իհարկե, լա՛վ գիտեն, ուղղակի «մեխն էլ իրենց ձեռքին, մուրճն էլ», «ինչքան ուզում, խփում են»։

Լրագրողներին թիրախավորելու ու պիտակավորելու անփառունակ գործին լծվեցին ու ոչ թե որպես 4-րդ իշխանության ներկայացուցիչների հետ սկսեցին շփվել մեզ հետ, այլ՝ հակառակորդի, ինչ է թե հավկուրորեն չէինք ընդունում, որ սուրբ են ու մաքրամաքուր։

Թե ինչեր են մեր գլխին բերել «թավշյա» օրենսդիրնեն ու գործադիրները 2018-ից ի վեր, երկար կարելի է թվել, բայց այսօր ուզում եմ շնորհավորել նաև իշխանական վերին էշելոնի բոլոր լրագրող-պաշտոնյաներին (որ ի դեպ մեծ թիվ են կազմում) ու հիշեցնել՝ պաշտոնը հավերժ չէ, ու վաղը, մյուս օրը գուցե նորից մեր շարքերն եք վերադառնալու։

Սևակ Վարդումյան




Լրահոս