Հոկտեմբերի 8-ին լրացավ մեկ ամիս, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվեց Հատուկ քննչական ծառայության կողմից եւ գտնվում է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում»: Իսկ ինչպե՞ս զարգացան իրադարձությունները: «Ժողովուրդ» օրթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հանգամանքներից ելնելով Աղվան Հովսեփյանի մտերիմ ընկերները որոշեցին դուրս գալ նրա դեմ, եւ ինչ ուշագրավ փաստաթուղթ կա Հատուկ քննչական ծառայությունում: ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Հովսեփյանի եւ Արշավիր Սարգսյանի բիզնես հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ 2013 թվականին Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց Գլխավոր դատախազի պաշտոնին: Այսինքն՝ չկա պաշտոն, չկա ընկերություն: Իրավապահ համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արշավիր Սարգսյանը եւ Աղվան Հովսեփյանի որդին ՀԷԿ-երի ոլորտում համատեղ բիզնես են ունեցել եւ աշխատեցրել «Սուրբ Աղբյուր» եւ «Վարդահովիտ» ՍՊԸ-ները: 2013 թվականին ընկերությունը չի կարողացել իրականացնել իր բանկային պարտավորութունները, նաեւ հայտնվում են այլ պարտատերեր: Աղվան Հովսեփյանն ու որդին, տեղեկանալով, որ ընկերությունը բանկային պարտավորություններ ունի չկատարած, փորձում է վերջինիս հետ կապ հաստատել, սակայն ապարդյուն: Հետագայում այլ ելք չունենալով՝ Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդուն ասում է, որ մոտ 4.1 միլիոն դոլարի վարկային պարտավորություն կա, եւ, ըստ իրավապահների կողմից քննվող վարկածի, ներքին խառնաշփոթի արդյունքում Աղվան Հովսեփյանի որդին Արշավիր Սարգսյանի կողմից չկատարված 4,1 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը վերցնում է իր վրա: Բանկի ներկայացուցչի ներկայությամբ Արշավիր Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի որդու միջեւ կնքվել է համապատասխան համաձայնագիր, որը կցված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործին, որտեղ նշված է, թե կողմերը ինչ պետք է անեն, որ հաշտության գան: Թերեւս ՀՔԾ-ն պետք է հարցաքննության հրավիրի բանկի կառավարչին, որը քրեական գործով կարեւոր ապացույցներ կարող է ներկայացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանի մի շարք համայնքներում համայնքապետերի պաշտոնակատարներ են նշանակվել: Ջերմուկ քաղաքի ղեկավարի պարտականությունները Վահագն Արսենյանը կկատարի: Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է: «Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը երեք տարի առաջ մերժում էր ՀՀԿ-ին, իսկ այսօր Հանրապետականի որդուն մի ամբողջ համայնք է վստահում»,- «Ժողովուրդը» հարցրեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին: Պատգամավորը նշեց, որ նշանակման մեջ որեւէ արտառոց բան չկա: Ըստ նրա՝ ոչինչ քարացած չէ, անցյալի վրա էլ խաչ քաշել պետք չէ: «Եթե մարդը Հանրապետական կուսակցության անդամ է եղել, ապա չի նշանակում, թե այլեւս երբեք հասարակական-քաղաքական կյանք չպետք է վերադառնա: Ես ո՛չ Արսենյանին, ո՛չ նրա որդուն եմ ճանաչում, բայց եթե մարդ կառավարչական բավական փորձ ու հմտություններ ունի, ապա նրա կուսակցական լինելը քննարկման հարց չէ: Սերժ Սարգսյանի ժամանակ լավ բաներ չե՞ն եղել. եթե պետք է, կարող եմ թվարկել ժամերով»,- ընդգծեց պատգամավորը: Վահագն Արսենյանը, հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի՝ դեռեւս 2019թ.-ի տրամադրած տեղեկության՝ զինծառայությունից ազատվելու պատճառով քրեական գործով էր անցնում: Գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: Հատկանշական է, որ քրգործը հարուցվել է 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ Փաշինյանի իշխանության ժամանակ, այժմ, փաստորեն, նույն Փաշինյանի իշխանությունը բանակից խուսափած անձին համայնքի ղեկավար է կարգում:
Հայաստանում իշխանությունները մի թեզ են առաջ տանում, ըստ որի՝ եթե Արցախի ներկայիս իշխանությունները հրաժարական ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլեւս Արցախին որեւէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու: Այս թեզը տարբեր շրջանակներում թեժ քննարկումների առարկա է դարձել եւ հասել Արցախ, որտեղ հանրության մի հատվածը սրտատրոփ սպասում է՝ արդյոք իշխանություններով կամ անձերով է պայմանավորված Արցախին տրամադրվելիք աջակցությունը: Իրականում գոյություն ունեն բազմաթիվ միջգերատեսչական համաձայնագրեր ու պայմանագրեր Հայաստանի եւ Արցախի միջեւ` տարբեր ֆինանսական աջակցություններ տրամադրելու մասին: Բացի այդ, գրեթե ամեն տարի Հայաստանը առանց փոխհատուցման վարկ է տրամադրում պետական բյուջեից, որն այս տարի ամենամեծ թիվն է կազմում՝ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած 2022 թվականի բյուջեի նախագծով 144 միլիարդ դրամ է տրամադրվելու Արցախին: Ըստ նախագծի` Արցախի Հանրապետությանը նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով։ Այնպես որ, թեզը, որ ՀՀ իշխանությունները Արցախի այլ իշխանության պայմաններում գումար չեն տրամադրի, ուղղակի գոյություն ունենալ չի կարող: հատկացումները եղել են միշտ՝ անկախ անձերից։
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա վեց ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են՝ 2020 թվականին իրականացված 27 մլրդ 458 մլն դրամից դառնալով 140 մլրդ 84 մլն դրամ: Այս տարվա վեց ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 5 մլրդ 15 մլն դրամ։ Իտալիան նվազեցրել է ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 4.5 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։ Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 9 մլրդ 379 մլն դրամ, իսկ, ահա, 2020 թվականի նույն ժամանակահատվածում Ռուսաստանից արտահանված ուղղակի ներդրումները կազմել են 22 մլրդ 172 մլն դրամ: