ՓԱՇԻՆՅԱՆ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերը: Փաշինյան-Պուտին հանդիպումը, նշենք, այս տարվա մեջ 4-րդն է: ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը նշեց, որ հաճախակի հանդիպումներն ասես հավատարմության ակտեր լինեն:

 

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցն ի՞նչ մեսիջներ ուներ, եթե, առհասարակ, ուներ:

-Այս պահի դրությամբ չեմ կարող ասել մեսիջների մասին հստակ, որովհետեւ եղել է բաց եւ փակ հանդիպում, իսկ փակ հանդիպման  ժամանակ քննարկված հարցերը հասկանալի չեն: Դա պետք է երեւա գործողություններով: Իհարկե, հրապարակային հանդիպեցին, ընդհանուր քննարկեցին, նշել են քննարկման հարցերը, նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին կնքված համաձայնագրերն իրականացվում են, բայց փակ հանիդպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, եթե այդպիսիններն, իհարկե, եղել են, դրա մասին  մենք կիմանանք որոշ ժամանակ հետո, երբ կոնկրետ վարչապետի կողմից գործողությունների տեղի կունենան:

-Այսինքն՝ հնարավո՞ր է՝ լինեն այնպիսի խոսակցություններ, պայմանավորվածություններ, որոնք նոր անակնկալներ կմատուցեն մեզ:

-Ինչ ենք հասկանում՝ անակնկալ ասելով. օրինակ, եթե պահանջեն, որ Հայաստանում բացվի տասը հատ ռուսական դպրոց, դա մեզ համար անակնկալ կլինի՞, թե՞ ոչ: Կամ ուրիշ այլ ձեւով պաշտոնյաների նշանակում ու ազատում լինի, դա մեզ համար անակնկալ կլինի՞: Կարծում եմ՝ որովհետեւ մենք այնքան մեծ գործողությունների ենք սովորել, որ մեզ համար արդեն, ոչինչ անակնկալ չէ:  Հիմա եթե երկրագունդն էլ տրաքի, հայ ժողովրդի համար անակնկալ չէ:

-Խոսքն այն մասին է, թե պատերազմի հետ կապված, հետպատերազմյան իրավիճակի հետ կապված՝ ի՞նչ կլինի:

-Ցանկացած ոլորտում, չեմ կարծում, թե անակնկալներ կլինեն, որովհետեւ ամեն ինչին պատրաստ են: Հայ ժողովուրդը սպասում ու պատրաստ է ամեն ինչի:

-Պարո՛ն Բադալյան, հայտարարության մեջ նշվում է, որ Փաշինյանը խիստ կարեւորում է հանգամանքը, որ Պուտինի հետ հանդիպում են այս տարվա մեջ 4-րդ անգամ: Սա մի տեսակ հավատարմության ինչ-որ ակտի չի՞ նվանվում:

-Ոչ թե չի նմանվում, այլ հետց դա էլ հանդիսանում է: Ժամանակին, երբ վարչապետը՝ որպես ընդդիմադիր գործիչ, անընդհատ խոսում էր ոչ ռուսական  ուղղվածությամբ, նույնիսկ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին քննարկումներ էր իրականացնում, հիմա մենք իր գործելաոճից հասկանում ենք, որ նա ինչ ասել է, հիմա իրականացնում է  100-տոկոսանոց հակառակ գործողություններ: Ժամանակին, երբ ԵԱՏՄ-ից ուզում էր դուրս գալ, հիմա երջանիկ է զգում Պուտինի հետ 4-րդ անգամ հանդիպումից: Վարչապետը կարմիր գծեր չունի:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

«ՈՒԶՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»

«Փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ հատկապես Սյունիքում լինեն իր յուրայինները, խամաճիկները, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքելու Սյունիքում ստեղծված իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

 

Նա ընդգծել է, որ եթե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անազատության մեջ չլիներ, ապա Գորիս-Կապան միջպետական ճանապարհին առաջացած խնդրի առնչությամբ անպայման ակտիվություն կդրսեւորեր։ «Երբ ես ԱԺ-ում հարց եմ բարձրացնում, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածում ադրբեջանցիները լայնածավալ շինարարական աշխատանքներ են տանում, ինչ է արվում, որեւէ մեկը պատասխան չունի։ Վստահ եմ, որ պարոն Առուշանյանը, նրա տեղակալները, որոնցից գրեթե բոլորը նույն քաղաքական հետապնդմանն են ենթարկվում, ազատության մեջ ակտիվ գործունեություն կծավալեին, մեզ հստակ պատասխաններ կտային, կկանխարգելեին»,- ասել է Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ ռեպրեսիաները նրանց դիրքորոշման պատճառով են, քանի որ վերջիններն ակնհայտորեն դեմ են արտահայտվել զիջումներին։ Բացի այդ, Փաշինյանը վրեժխնդիր է լինում նրանցից, նպատակներից մեկն էլ հոկտեմբերի 17-ին Գորիսում կայանալիք ընտրություններին Առուշ Առուշանյանի ներկա գտնվելը բացառելն է, որպեսզի իշխանությունն ավելի ազատ լինի իր մանիպուլյատիվ գործողություններում։ Պատգամավորն արձագանքել է նաեւ Գորիսում իշխանական թեկնածուի քարոզարշավն ակտիվ իրականացնող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարություններին, որոնցով Առուշ Առուշանյանին զրպարտելու փորձ է արվել։ Խաչատրյանը, հիշեցնենք, կասկածի տակ էր դրել Առուշանյանի մասնակցությունը պատերազմին, ինչից հետո ՀՀ ՊՆ ԶՈՒ եւ ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրվել էր տեղեկանք, որում նշված է Առուշ Առուշանյանի՝ պատերազմական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:

«Երբ պարոն Առուշանյանը իր գործընկերների հետ կազմակերպում էր Սյունիքի ինքնապաշտպանությունը, պարոն Խաչատրյանը եւ նրա գործընկերները, թուղթ ու գրիչը վերցրած, դիմում էին ԱԺ-ի համապատասխան մարմնին, որպեսզի գումար վերցնեն՝ հասնելու Սյունիք եւ Արցախ։ Երեւի սեփական միջոցներն ափսոսում էին, չգիտեմ։ Համենայնդեպս, երբ պարոն Առուշանյանը, իր կյանքը վտանգելով, հնարավոր բոլոր ռեսուրսները կենտրոնացնելով, իրականացնում էր Սյունիքի ինքնապաշտպանությունը, նույն մարդիկ պետբյուջեից փող էին վերցնում, որպեսզի հասնեն այնտեղ»,-այս առնչությամբ ասել է Գրիգորյանը։

Նա շեշտել է նաեւ, որ ո՛չ Արմեն Խաչատրյանից, ո՛չ նրա իշխանական գործընկերներից Սյունիքի շահերի պաշտպանության մասին հայտարարություն հասարակությունը երբեւէ չի լսել։ «Պատերազմից հետո՝ դեկտեմբերի 17-ին, երբ բոլորիցս գաղտնի առանձին հուշագրով հանձնվել են Սյունիքի ստրատեգիական նշանակության բարձունքներն ու ճանապարհները, մի անգամ չսլեցինք, որ պարոն Խաչատրյանը հրապարակավ ասի՝ այս ի՞նչ եք անում։ Մի այդպիսի հրապարակային հայտարարություն չհնչեց այն ժամանակ, երբ Գորիս-Կապան ճանապարհն էր փակվում։ Բա ձեր հայրենի Գորիսն է, այդքան խոսում էիք, մի հայտարարություն անեիք, երբ ճանապարհը փակվել էր, երբ մեր հայրենակիցները շրջափակման մեջ էին, Շուռնուխը, Որոտանը, Բարձրավանը մնացել էին բլոկադայի մեջ. այդ ժամանակ հայտարարություն անեիք»,- նշել է պատգամավորը։

Ն. Ժ.

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն դատի է տվել պետական եկամուտների կոմիտեին՝ պահանջելով, որպեսզի  դատարանը Պետական եկամուտների կոմիտեի ակտը վերացնի: Ըստ էության, ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել եւ տուգանել է Ազգային անվտանգության խորհրդի նախկին ղեկավարին պատկանող ընկերությանը, ինչի հետ ընկերությունը համամիտ չէ եւ դիմել է դատարան: Ի դեպ, «Օրինաց երկրի» առաջնորդի «Հայասի» կոնյակի գործարանը առաջին անգամ չէ, որ տուգանվում է: Տարիներ առաջ Բնապահպանության նախարարության կողմից տուգանվել է 100 հազար դրամով, քանի որ խախտել էր մթնոլորտային օդի  եւ շրջակա միջավայրի պահպանության կանոնները:

 

 

ԾԵԾԵԼ Է ՀԱՃԱԽՈՐԴԻՆ

Ուշագրավ միջադեպ՝ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի ընտանիքին պատկանող «Զիգզագ» ընկերությունում: Մեզ հայտնի դարձավ, որ «Զիգզագ» ՍՊԸ պատկանող Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի 24 հասցեում գործող «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութ-սրահի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը 2021 թվականի հուլիսի 26-ին՝ աշխատանքն իրականացնելիս, սխալ օդակլանիչ առաքելու հարցի շուրջ լեզվակռիվ է ունեցել վաճառասրահի հաճախորդ Էլլա Հովհաննիսյանի հետ: Արդյունքում վեճը այն աստիճան է թեժացել որ հաճախորդը ընկերության ղեկավարի վարքը ընդգծելու համարը պայուսակից հանել է բջջային հեռախոսը, տեսանկարահանել է միջադեպը: Հրաչյա Հովհաննիսյանը, տեսնելով, որ իրեն նկարում են, կնոջից վերցրել է բջջային հեռախոսը եւ ձայնագրությունը ջնջելու նպատակով ձեռքերով հարվածներ է հասցրել Էլլա Հովհաննիսյանին՝ նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այս արարքի համար պատգամավորի հոր ընկերության ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրիքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծ, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:

 




Լրահոս