Հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այն, որ մարզային երթուղայիններն անմխիթար վիճակում են ու մարդկային կյանքեր են խլում գաղտնիք չէ: Ոչ իրավապահները, ոչ ոլորտի պատասխանատուները կատարվող դեպքերից դաս չեն քաղում, ինչի արդյունքում զոհեր ենք ունենում:
Բանն այն է, որ սա առաջին դեպքը չէ, 2011 թվականի դեկտեմբերի 21–ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 17։30–ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ում՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, «Գազել» մակնիշի, 09 20 Լ համարանիշի մեքենայի վարորդը շրջվել է ավտոմեքենայով։ Վթարի հետևանքով վարորդը և յոժ ուղևորները, այդ թվում՝ մեկ երեխա, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ Ավելի ուշ ողևորներից մեկը մահացավ:
2014 թվականին կրկին Երևան – Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթար էր եղել եւ փաստի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Ձերբակալվել է է «Իմեքս» ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ․ Վարդանյանը:
Հիշեցնենք՝ բեռնատարը բախվել էր «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել էր և հրդեհվել։ Գյումրի – Երևան երթուղայինի 14 ուղևորներից 7-ը տեղում մահացել են, մյուսները՝ տեղափոխվել Գյումրիի հիվանդանոց։ Զոհվածների թվում է միկրոավտոբուսի վարորդը, նաև ծանրամարտիկ, Հայաստանի պատանեկան առաջնության հաղթող Վանիկ Սարգսյանը: Վիրավորների թվում կար նաև 14 տարեկան երեխա։
Այս իրավիճակին պետք է լուծում տրվի եւ կոնկրետ մեղավորների պատասխանատվության հարցը բարձրացվի, թե երթուղին սպասարկող ընկերությունը պատշաճ ստուգում է մեքենաների վիճակը եւ կոնկրետ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչով են զբաղված, արդյոք ստուգել են երթուղայինը շահագործման ենթակա է եղել, թե ոչ:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 230-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ք.Մ