Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկն այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով, գրեթե փոփոխություն չի կրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հազար խոշորների ցանկի առաջատարն է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որին հաջորդում է հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը: Ի դեպ, ուշագրավն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնվել է հազար խոշոր հարկատուների ցանկի երրորդ հորիզոնականում եւ պետական բյուջե կատարել է 34 մլրդ 194 մլն 185 հազար դրամ գումար: Պետական կառույցին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Գրանդ Տոբակո»-ն: Ընկերության հարկային վճարումները կազմել են 24 մլրդ 774 մլն 246 հազար դրամ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւս տեղ է գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: Այս գերատեսչության հարկային վճարումները 2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով կազմել են 3 մլրդ 383 մլն 134 հազար դրամ: ՊԵԿ-ը հազար խոշոր հարկատուների ցանկի 39-րդ տեղում է:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը վերջերս առաջարկել էր ՀՀ կառավարությանը 1000 խոշոր հարկատուների ցանկից հանել պետական և համայնքային կառավարչական հիմնարկները։ Ըստ ՊԵԿ-ի՝ այս կառույցներն իրականում ոչ թե բյուջետային մուտքեր են ապահովում, այլ բյուջեից ստացած ֆինանսավորման մի մասը` հարկերի տեսքով, նորից վերադարձնում են բյուջե։
Եթե կառավարությունն ընդունի ՊԵԿ–ի այս առաջարկը, ապա խոշոր հարկատուների ցանկում տեղ կգտնեն միայն տնտեսվարողներն ու հարկ վճարողները։
Ս.Հ.