Վերջին օրերին ռուսական կողմից կրկին հայտարարություններ են հնչում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հստակեցման մասով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավորապես ասել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երկարաժամկետ կարգավորման համար:
Նա նաեւ ասել է, որ Ղարաբաղի սահմանների հետ կապված իրավիճակի կարգավորումն առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ, որովհետեւ սահմանների քարտեզները գտնվում են ՌԴ գլխավոր շտաբում: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցուցաբերել են քաղաքական իմաստություն՝ դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում։ Այս մասին նա հայտարարել է «Վալդայ» միջազգային ակումբի նիստում ունեցած ելույթի ժամանակ։
Ըստ ռուս առաջնորդի` այսօր անհրաժեշտ է պայմաններ ստեղծել երկարաժամկետ կարգավորման համար: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկու երկրներն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները:
Առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել, հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների իրավիճակի վերջնական կարգավորման հարցին։ Վլադիմիր Պուտինը բացատրել է՝ Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։ Պուտինը շարունակել է, որ ամեն դեպքում կարևորը գլխավոր նպատակին հասնելն է, որն անվտանգ իրավիճակի ստեղծումն ու հետագայում հարաբերությունների կառուցումն է՝ դրական հեռանկարով:
«Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ Պուտինին հարց հնչեց Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների համագործակցության առայժմ չգործող 3+3 ձևաչափի մասին, Ռուսաստանի նախագահը պատասխանելիս սակայն կենտրոնացավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա։ Նա նշեց, որ թեև հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, բայց կա հարցի մեկ այլ կարևոր կողմ՝ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար պայմաններ ստեղծելը։ Ըստ Պուտինի՝ դրա համար 2 կողմերը պետք է գնահատեն խաղաղ համակեցության առավելությունը: Ադրբեջանը շահագրգռված է, որ կարողանա կապ ունենալ Նախիջևանի հետ, ապաշրջափակվեն կոմունիկացիաները, իսկ Հայաստանն իր շահերն ունի։