Մահվանից մի քանի տարի անց բացվել է Սոս Սարգսյանի հուշատունը․ այսօր ժողովրդական արտիստի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։
Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ․ Ստեփանավան քաղաքում։
Ավարտել է Ստեփանավանի Ա․ Պուշկինի անվան ռուսական դպրոցը։
Պատանի Սոս Սարգսյանը շատ էր սիրում թատրոնը և դերեր էր ստանձնում Ստեփանավանի թատրոնում, որը դեռևս 1935 թ-ից ուներ պետական թատրոնի կարգավիճակ։ Այդտեղից էլ սկիզբ է առնում մասնագիտական ճանապարհը դեպի թատրոն և թատերական արվեստ։ Ռուսական դպրոցում կրթություն ստացած Սոս Սարգսյանը հետագայում սիրով էր հիշում, որ Վարդան Աճեմյանը մեծ ազդեցություն է ունեցել իր հայերեն լեզվի փայլուն տիրապետման գործում։

Սոս Սարգսյանը անմնացորդ նվիրումով կապված էր իր հայրենի բնօրրանին, հաճախ էր այցելում իր ծննդավայր Ստեփանավան, նաև Ստեփանավանի շրջանի Լոռի բերդ գյուղ, ուր հյուրընկալվում էր իր մայրական կողմի բարեկամներին։
Սոս Սարգսյանի մահվանից մի քանի տարի անց, Լոռի բերդ գյուղում նրա բարեկամուհու՝ Սիլվա Մարտիրոսյանի ջանքերով բացվել է հուշատուն, որտեղ ցուցադրված են մեծ վարպետի անձնական իրեր, լուսանկարներ, Սոս Սարգսյանի գրական ստեղծագործություններ և թատերական գործունեությանը առնչվող նյութեր։ Հուշատանը մեկ գավաթ սուրճի շուրջ կարելի է զրուցել և լսել հետաքրքիր պատմություններ մեծ արտիստի մասին։ Հուշատունը գտնվում է «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց տանող ճանապարհին և կարող է ներառվել զբոսաշրջային երթուղում։ Հուշատանից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Միսխանայի կիրճ և Վիրահայոց լեռներ՝ վայր, որով այքան ոգեշնչվում էր սիրելի Վարպետը ։

Մ. Մ.




Լրահոս