ՖՈՏՈ․ Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն. Հեղնար աղբյուրը վերաբացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահրամաբերդի ձորակում տեղակայաված Մարմաշենի վանական համալիրում այսօր վերաբացվեց Հեղնար աղբյուրը: Աղբյուրը հայտնի է Մկրտիչ Արմենի վիպակի հիման վրա ստեղծված «Հեղնար աղբյուր» ֆիլմից: 48 տարի առաջ ստեղծված աղբյուրը ոչնչացվել էր, սակայն տարիներ անց վահրամաբերդցի Արթուր Գալստյանի եւ Համլետ Գեւորգյանի ջանքերով հայտնաբերվել է աղբյուրի տեղն ու կառուցվել, ճիշտ այնպիսին ինչպիսին էր աղբյուրը ֆիլմում: Արթուր Գալստյանը, ընդամենը մի քանի ամիս առաջ էր ֆիլմը դիտել, տեսնելով իրեն քաջ ծանոթ Մարմաշեն վանական համալիրի տարածքը փորձել է ճշտել աղբյորի տեղը.

«Իմ մանկությունն է անցել այս գյուղում։ Իմ ազգականն է պատմել Հեղնար աղբյուրից, ինչպես են քայլեր ձեռնարկել աղբյուրը փրկելու համար: Իմ մանկության ընկեր Համլետ Գեւորգյանի օգնությամբ եմ կարողացել գտնել ու վերականգնել աղբյուրը«: «Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն … »․ նույնությամբ ստեղծվել է նաեւ հայտնի տողերով գրված քարը:

Մկրտիչն աղբյուրներ կառուցող հայտնի վարպետ էր։ Նրա երիտասարդ կինը՝ Հեղնարը, սիրահարվում է ուրիշին։ Կնոջ մահվանից հետո վարպետը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հոսում է միայն իր համար։ Բացման պատիվը տրվել է Հեղնարի դերակատար Յուլիա Ռուստամյանին ու ֆիլմի օպերատոր Լեւոն Աթոյանցին, Երանոսի դերակատար Հակոբ Ազիզյանին: Նրանք Հեղնար Աղբյուր հասան կառքով, ինչպես ֆիլմում: ՀՀ վաստակավոր արտիստ, ֆիլմի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը հուշարձանի վերաբացումը համարում է մոգական․ «Գյումրվա շառավիղը հայոց հզոր մշակութային շառավիղն է, որովհետեւ ավանդապաշտ է, հողին է փարված, որովհետեւ ասելիքները համեմում է իր խորին զգացումների շնորհիվ, ոչ թե հորինում է՝ որպես մոդայիկ ինչ որ մի բան: Ինչ լավ է, որ կա հուշը, որ ամեն անգամ մենք զգում ենք, որ բաղկացած ենք մեր նախնիներից, նրանք մեզ ավանդույթներ ու խոսք են թողել: Երբ ես այս ֆիլմի համար երաժշտություն էի գրում չէի մտածում, որ մի որ նստելու եմ հենց այս տարածքում դերակատարների կողքին: Փառք ու պատիվ այն մարդկանց, որոնք ապրում են պոետիկ շնչով»։




Լրահոս