ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի եւ Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:

Անցկացվել է հոգեհանգստի կարգ, ներկայացվել են զոհված զինվորականների անցած հերոսական մարտական ուղին եւ կատարած սխրանքը։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Իսկուհի Կարախանյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում՝ անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքի

եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ժՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում ասել՝ որ ուսանողներին է կրթաթոշակ տրվում:

Հրաչուհի Ասլամազյան (41 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Ասլամազյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին: Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում),

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,

4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

 

 

 




Լրահոս