ԳՅՈՒՄՐՈՒ ԾՆՆԴԱՏԱՆԸ ԵՐԵԽԱ Է  ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ նախաքննական մարմնի՝ Արմեն Մարդոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, միայնակ գնացել է Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի 3 հասցեում գտնվող «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերություն եւ իր հանգուցյալ երեխայի թթվածնային ակվարիումը համբուրելու պատրվակով ներս մտնելով հիշյալ ընկերության վարչական շենքի ընդունարան, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության՝ այնտեղ գտնվող քաղաքացիների ու բուժաշխատողների նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու, ինչպես նաեւ հասարակության կողմից համընդհանուր ճանաչում ստացած բարոյականության նորմերին հակադրվելու մոլուցքով մղված, շուրջ 30 րոպե տեւողությամբ տվել է անհասցե եւ իր հանգուցյալ դստեր ծնունդն ընդունած բժշկի հասցեին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնացել կրկին վերադառնալ ու նռնակով, բենզինով այրել «Գյումրու Ծննդատուն» ՓԲԸ-ի վարչական շենքը: Արմեն Մարդոյանի խուլիգանական գործողությունների արդյունքում շուրջ 30 րոպե տեւողությամբ խանգարվել են «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերության բնականոն աշխատանքները, որից հետո վերջինս բուժաշխատողների միջամտության արդյունքում հեռացել է «Գյումրու Ծննդատու» ՓԲ ընկերության վարչական շենքից:

 

Այսպիսով, Արմեն Տիգրանի Մարդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:

Վերոգրյալից բացի, Արմեն Տիգրանի Մարդոյանը «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերությանը պատկանող զգալի չափերի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, միայնակ գնացել է Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի 3 հասցեում գտնվող «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերություն, կրկին իր հանգուցյալ երեխայի թթվածնային ակվարիումը համբուրելու պատրվակն օգտագործելով, ներս է մտել հիշյալ ընկերության վարչական շենքի ընդունարան՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության ու բուժաշխատողների նկատմամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու, ինչպես նաեւ հասարակության կողմից համընդհանուր ճանաչում ստացած բարոյականության նորմերին հակադրվելու մոլուցքով մղված, շուրջ 20 րոպե տեւողությամբ անհասցե եւ իր հանգուցյալ դստեր ծնունդն ընդունած բժշկի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, իր մոտ եղած պլաստմասե տարայով դյուրավառ հեղուկ հանդիսացող բենզինը լցրել է ծննդատան նախասրահին հարող միջանցքի սալիկապատ հատակին եւ լուցկիով այրել է, ինչի արդյունքում առաջացած հրդեհից եւ ծխից վնասվել են սալիկապատ հատակը, դրան հարակից պատի եւ առաստաղի հատվածները՝ ընկերությանը պատճառելով զգալի չափի՝ 221.100 ՀՀ դրամի վնաս, ապա Տ. Մարդոյանը, շարունակելով իր խուլիգանական արարքը, ոտքով հարվածել է ընդունարանում դրված գրասեղանին, վնասել այն՝ պատճառելով եւս 10.000 ՀՀ դրամի վնաս:

Արմեն Տիգրանի Մարդոյանի խուլիգանական գործողությունների արդյունքում շուրջ 20 րոպե տեւողությամբ խանգարվել է «Գյումրու Ծննդատուն» ՓԲ ընկերության բնականոն աշխատանքները, եւ ընկերությանը պատճառվել է ընդհանուր զգալի չափերի 231.100 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսպիսով, Արմեն Տիգրանի Մարդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՈՂԱՆՔԻ ԳՈՏԻ՞Ն, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՆ

Տավուշի մարզում իրականացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը Հովք բնակավայրում սողանքի ակտիվացման դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են արտակարգ իրավիճակներում պատասխանատու բոլոր կառույցների պատասխանատուները։ Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին` կատարելագործել ղեկավար մարմինների տեսական եւ գործնական ունակությունները սողանքի ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ, կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները եւ փոխհամագործակցության կազմակերպումը՝ համատեղ փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ, ստուգել «Արտակարգ իրավիճակներում Տավուշի մարզի բնակչության պաշտպանության պլան»-ի իրատեսությունը: Ադրբեջանի հետ ավելի քան 300 կմ սահման, Ադրբեջանին սահմանակից 44 բնակավայր ունեցող Տավուշի մարզում բնակչության անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը Հովք գյուղի սողա՞նքն է. այն մի անգամ 2010 թվականի  ապրիլի 14-ին  ակտիվացավ, ավտոճանապարհը քանդվեց, որը հետո նոր ճանապարհ կառուցվեց։ Ավելի հրատապ եւ  կարեւոր չէ՞ ուսումնավարժություն անցկացնել Տավուշի սահմանագոտում ռազմական գործողությունների դեպքում խաղաղ բնակչության  տարհանման թեմայով։

 

 

ՍԻՓԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՔՄԵՅՔԵՐ

2018թ. դեկտեմբերի 9-ին  կայացած Աժ ընտրություններում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, Տավուշի մարզում  ամենամեծ թվով քվերներն էր ստացել։  Սակայն   2021թ. հունիսի 20-ին կայացած ԱԺ  ընտրություններին նա չմասնակցեց, կարծես թե Սիփան Փաշինյանը ընդհատակ է անցել։ Իջեւան քաղաքում   տեղեկություն էր տարածված, թե Սիփան Փաշինյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։  Հավաստի աղբյուրներից  ստացված տեղեկատվության համաձայն՝ Աժ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղափոխվել է Ուկրաինա, ուր Վիգեն Բադալյանի՝ Վիվառոյի Վիգենի աջակցությամբ բուքմեյքերական ընկերություն է բացել։ Այդ գործում նա այնքան է հաջողել, որ նրա ընկերությունը ճանաչվել է Ուկրաինայի լավագույն բուքմեյքերական ընկերությունը։ Հավանաբար նկատի են ունեցել, որ Սիփան Փաշինյանի նորաբաց ընկերությունը ամենամեծ թվով խաղադրույքներն է ընդունել  ազարտային խաղերի սիրահարներից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ընթացքում պատգամավոր Գեղամ Նազարյանը մի շատ կարեւոր եւ ցավոտ հարցի մասին բարձրաձայնեց։

 

Պատերազմի արհավիրքը, ցավոք սրտի, բազմաթիվ ընտանիքներում թե՛ մարդկային, թե՛ սոցիալական կորուստի պատճառ դարձավ, սակայն առ այսօր հենց այդ նույն ընտանիքները բախվում են խնդրի, երբ բանկերը պահանջում են վարկային պարտականությունների կատարում։

ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշեց, որ նույնիսկ դեպք է գրանցվել, երբ վարկային կազմակերպությունը դատի է տվել Տեղ համայնքի բնակչին, որը վարկը ծառայեցրել էր անասունների ձեռքբերման նպատակին, որոնք ադրբեջանական զինուժի կողմից գողացվել են, կամ քաղաքացուց պահանջում են հիփոթեքային վարկի մարում, մինչդեռ վերջինս այդ տունը կորցրել է պատերազմի արդյունքում, եւ նմանօրինակ շատ խնդիրներ։

«Ես եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը տեղում արագ քննարկման արդյունքում որոշեցինք երկու հանձնաժողովներով համատեղ նիստ հրավիրել, որտեղ հրավիրված կլինեն ԿԲ-ի եւ որոշ այլ բանկերի նախագահներ, եւ կքննարկվեն վերոնշյալ խնդրի եւ դրա հետ հետ առնչվող բոլոր հարցերը»։

ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձավ նաեւ Կութ գյուղում վերջերս տեղի ունեցած ադրբեջանական զինուժի կողմից հափշտակման դեպքին՝ ավելի քան 80 խոշոր եղջերավոր, որոնք պատկանում էին 5 ընտանիքների։ Պարոն Թաթոյանը այս հարցով դիմել էր նաեւ Ազգային Ժողով. «Ես ստացել եմ Ձեր եւ քաղաքացիների նմանաբովանդակ դիմումները։ ԱԺ ամբիոնից ինչպես հայտարարությամբ, այնպես էլ հարց ու պատասխանի ֆորմատով բարձրաձայնել եմ խնդիրը, սակայն, ցավոք սրտի, առայժմ որեւէ լուծում չկա, եւ փոխհատուցման մասին որեւէ պատկերացում չկա գործադիրում, ինչը շատ վատ ավանդույթ է՝ այն իմաստով, որ քաղաքացիներն իսկապես իրենց անպաշտպան են զգում, եւ եթե ադրբեջանցիները հափշտակում են մեր գյուղացիների կովերը, ապա ստացվում է, որ գյուղացին իր խնդիրների եւ վարկերի հետ մնում է միայնակ, եւ կառավարությունը քայլեր չի իրականացնում»,-նշել է նա:

«Նշվեց, որ կառավարությունում քննարկումներ են իրականացվում, շրջանառվում է առաջարկ, առայժմ չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչ փոխհատուցում է նախատեսված գողացված կովերի համար. երբ կունենամ, սիրով կարձանագրեմ նաեւ պատասխանը»,- եզրափակեց մարդու իրավունքների պաշտպանը։

Ն. Պ.

 

 




Լրահոս