«Ռեգնում» գործակալության խմբագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը ծավալուն հոդվածով անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտին: Նա իր հոդվածում նկատել է, որ ԼՂ հարցով եռակողմ հայտարարության կնքման տարելիցի նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Փորձագետը ընդգծել է, որ Լավրովի և իր գործընկերների միջև զրույցների նկատմամբ հետաքրքրվածությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր «արտահոսել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին, որի ավարտին եռակողմ հայտարարության ստորագրում էր ենթադրվում: Տարասովն անդրադարձել է նաև պատերազմի ավարտի մեկամյակի առթիվ ՌԴ ԱԳՆ հրապարակած մեկնաբանությանը՝ առանձնացնելով որոշակի յուրահատուկ դիվանագիտական դրվագներ:
Իր հոդվածում վերլուծաբանն անդրադարձել է նաեւ Մինսկի խմբի հայտարարությանը, որով «համանախագահները հաստատում են իրենց հանձնառությունը կողմերի հետ աշխատելուն՝ իրենց մանդատի համաձայն», որպեսզի համապարփակ լուծումներ գտնվեն բոլոր հարցերի՝ կապված ղարաբաղյան հակամարտության կամ դրա հետևանքների հետ:
Նա մեջբերում է փորձագետ Սերգեյ Մարկեդոնովին, որն ասել է. «Միևնույն ժամանակ և՛ 2016 թվականին, և՛ 2020 թվականին երկու համանախագահ երկիրը՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, Ռուսաստանին, ասես, առաջ էին թողնում, երբ պահանջվում էր կանգնեցնել անհուսալի թվացող ռազմական առճակատումը»: Տարասովի կարծիքով, ներկա փուլում բանակցային ձևաչափը թուլանում է տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: :
Ն.Հ.