Փաշինյանը փորձել է այդ խաղը խաղալ Արևմուտքի հետ. ռուս վերլուծաբանն անդրադարձել է սպասվող հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը: Հոդվածում հիշատակելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպման մասին, քաղաքագետը հարց է առաջ բերում, թե ի՞նչ են, մասնավորապես, Ալիևն ու Փաշինյանը քննարկելու Սոչիում:

Նկատենք՝ ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:  Սոչիում կայանալիք հանդիպման մասին լուրից բացի Տարասովն ուշադրություն է հրավիրում նաև զուգահեռ Հայաստանից տարածված հայտարարությանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: «Այստեղ ևս կան նրբերանգներ: Բանն այն է, որ սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Փաշինյանը վրացի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով առաջարկել է հանդիպել, սակայն Էրդողանի խոսքով՝ որպեսզի հանդիպումը կայանա, Երևանը «պետք է հստակ քայլեր նախաձեռնի այսպես կոչված՝ Զանգեզուրի միջանցքի հարցում: Հայաստանից ի պատասխան հայտարարել են, որ «միջանցքային տրամաբանությունը» հայկական կողմի համար անընդունելի է, սակայն Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումներին»,- գրում է Տարասովը՝ նշելով, որ ըստ թուրքական աղբյուրների՝ Էրդողանին չի գոհացրել այն իրավիճակը, որում Վրաստանն է հանդես գալիս որպես միջնորդ Հայաստանի հետ հարաբերություններում, թեև Անկարայում հասկանում են, որ «վրացական հետքը տանում է դեպի Արևմուտք», – գրում է նա:

«Հարց է առաջանում՝ արդյոք արժի, որ Ռուսաստանը կատարի միջնորդի դերն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Մոսկվայի ինչի՞ն է պետք տարածաշրջանում «արդյունավետ միջնորդի» դատարակ դափնիները՝ հաշվի առնելով, որ Փաշինյանն ավելի վաղ փորձել է այդ խաղը խաղալ Արևմուտքի հետ: Սակայն Հայաստանը սեղվել է երկու թյուրքական պետության միջև և չի կարող ինքնուրույն պայմանավորվել նրանց հետ: Երբեմն թվում է, որ Հայաստանում Մոսկվային փորձում են օգտագործել որպես «հրշեջ հաշվարկ», որը շագանակներ է հանում կրակից ուրիշների համար»,- եզրափակում է փորձագետը:




Լրահոս