ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վայոց ձորի մարզում

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ 70 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ փաստաթղթերը ապոստիլով վավերացման ենթակա չեն:

 Ալիսա Մարտիրոսյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապոստիլով վավերացման ենթակա չեն՝

1) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների տված փաստաթղթերը,

2) առեւտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերը:

Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր, առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:

Ապոստիլով չեն վավերացվում պաշտոնական այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաեւ Բուլղարիա, Լիտվայի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ: Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը կատարվում է հյուպատոսական ճանապարհով:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերը նշված փաստաթղթերի՝ ապոստիլով վավերացված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը, կամ փաստաթուղթն ազատվել է օրինականացումից:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ մրցութային հավասար միավորների դեպքում որ դիմորդներին է տրվում առավելություն:

Լիլիթ Մարկոսյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին,

2) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ նպատակային ուսուցմամբ ուսանող համարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի:




Լրահոս