
Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբերի` տարեցների, քրոնիկ հիվանդությամբ, սահմանափակ շարժունակությամբ անձանց համար նոյեմբերի 13-ից մեկնարկել են արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Միջոցառումը կիրականացվի պարբերաբար. բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։ Այդպիսով, ռիսկի խմբերին հնարավորություն կտրվի խուսափել պոլիկլինիկա լրացուցիչ այցից։
Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համատեղ նախաձեռնության նպատակն է ապահովել պատվաստումային ծառայությունների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի համար։