ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ընդդիմությունը ԱԺ-ում չլինի, ՔՊ-ն այս իրավիճակում «Սնդիկի մասին» օրենքն է քննարկելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական սահմանի փոփոխություն է տեղի ունենում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտվում է… հարցնում եք՝ ի՞նչ է անում ընդդիմությունն այս իրավիճակում:

Անվտանգային կարևորագույն խնդիրների պարզաբանման և քննարկման համար այսօր ընդդիմությունը հրավիրեց ԱԺ Խորհրդի արտահերթ նիստ՝ պահպանելով ԱԺ կանոնակարգ օրենքի բոլոր դրույթները, սակայն գործող իշխանությունը տապալեց նախաձեռնությունը՝ բացահայտ քաղաքական որոշումը պատճառաբանելով, որ հրավերը ըստ պատշաճի չէր ներկայացված։ Այս մասին հայտնում է ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Ի՞նչ է ստացվում։ Երկրի տարածքները զիջվում են՝ կրակոցով կամ առանց դրանց, իսկ գործող իշխանությունը մերժում է այս հարցերի քննարկումը՝ նշելով, որ այսպես, թե այնպես ՀՀ վարչապետը վաղը ներկայանելու է Ազգային Ժողով բյուջեի նախագծի քննարկմանը, մյուս օրն էլ ԱԺ հարցուպատասխանն է Կառավարության հետ: Այսինքն՝ իշխանության համար չկա հրատապ որևէ խնդիր, ամեն ինչ լավ է և կարելի է վաղը քննարկել, օրինակ, Սնդիկի մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն իրողությունը, որ մենք չունենք խորհրդարանական երկրին հատուկ որևէ գործիքների պրակտիկ կիրառման հնարավորություն, խորհրդարանական վերահսկողությունը միայն բառակապակցություն է՝ առանց ազդեցության և գործածության, ավելին՝ այն ստորադասվում է իշխանության կամայական որոշումներին։

Այս պատգամավորական մանդատներից հրաժարվելու իմ գաղափարի հասունացմանը նաև նման իրավիճակներն են ստիպում: Բայց պետք է նկատի ունենալ, որ նույնիսկ այն պարագայում, երբ 2 ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն իրենց մանդատները, դա սահմանադրական ճգնաժամ չի առաջացնելու, իշխանությունը անխոչընդոտ շարունակելու է իր աշխատանքը և քննարկելու «կարևորագույն» հարցերը՝ առանց ընդդիմության»:




Լրահոս