ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ռազմական քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը ՀՀ պաշտոնական դիմումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը դիմել է ՌԴ-ին, ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով: Իսկ ինչ է ենթադրում այդ պայմանագիրը եւ դրա շրջանակներում ինչ պարտավորություններ ունի ՌԴ-ն:

Այդ պայմանագրով ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու եւ հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինմանը սատարելու պարտավորություն ստանձնեց: Նորացված պայմանագրի 3-րդ հոդվածում ասվում է. «Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Նշված նպատակներին հասնելու համար ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը արդիական եւ համատեղելի սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով ապահովելու գործում»: Ստացվում է՝ բացի ՀԱՊԿ համաձայնագրից, Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ-ի նկատմամբ ունի նաեւ այլ պարտավորություններ:

Հենց այդ պայմանագրի շրջանակներում էլ Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Այն Հայաստանում ստեղծվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա: 2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչեւ 2044թ.:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 2

Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին:

Հոդված 3

Բարձր պայմանավորվող կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով:

Հիշեցնենք, որ քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ադրբեջանական կողմը գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը: Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս