Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած նոր հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ադրբեջանի հարձակումը Հայաստանի արևելյան սահմանի վրա նախորդ տարվա խաղաղության մասին համաձայնության կոպիտ խախտում է, և դա չի կարելի հանդուրժել: 6000 մարդ մահացավ նախորդ տարվա հակամարտության հետևանքով, այս վիճաբանությունը չպետք է պատճառ դառնա նոր կորուստների: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:
Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը: