ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ։
Արման Թաթոյանը շնորհավորել է Քրիսթինե Վայգանդին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակտիվ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ և վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող խնդիրները։
Արման Թաթոյանը ներկայացրել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անօրինական սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով երեխաների իրավունքների խախտումները, մասնավորապես՝ կրթության իրավունքի խախտումը։ Նա նշել է, որ Սյունիքի մարզի որոշ հատվածներում ադրբեջանական զինված ծառայողները տեղակայված են դպրոցների անմիջական հարևանությամբ, ինչը բացարձակ անընդունելի վիճակ է և հակասում է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջներին։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների իրավունքների իրացման վիճակին հաստատություններից ընտանիք վերադառնալու պարագայում։
Կարևորվել է երկու հաստատությունների միջև հետագա համագործակցությունն երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում և երեխաների պաշտպանությանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ արտահերթ հրապարակային «Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» զեկույցի պատրաստումը: