«ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՐՎՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ՝ ԴԱՆԴԱՂ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասում է, թե այնպես չի, որ Երեւանի քաղաքապետարանը լավ աշխատանքներ չի անում, բայց դրանք բավական դանդաղ են առաջ գնում: ArmLur.am-ի հետ զրույցում Մնացականյանը զրուցել է Երեւանի մայթերի վերանորոգման, քաղաքապետարանի կատարած աշխատանքի ու իր հետգա պաշտոնավարման մասին:

 

-Երեւանի քաղաքապետարանը մի ընթացք կարծես սկսեց շարունակել Ձեր նախաձեռնած աշխատանքը՝ Երեւանի փողոցների մայթերի հետ կապված, բայց հիմա այդ աշխատանքները կանգ են առել: Դուք, կողքից հետեւելով, ինչպիսի՞ տպավորություն ունեք: Ինչքանո՞վ է կարողանում քաղաքապետարանը շարունակել Ձեր սկսածը:

-Հարցն իմ սկսածի մեջ չէ, այլ հարցը նրանում է, որ քաղաքապետարանն ու նաեւ այլ քաղաքներն այնպես աշխատեն, որ ավելացնեն զբոսաշրջիկների հոսքը: Զբոսաշրջիկները հիմնականում քաղաքով քայլում են, իրենք մեքենայով չեն շրջում, հատկապես՝ կենտրոնում: Ուրբանիստիկայի հիմնական հարցն այն է, որ քաղաքակենտրոն սարքել հետիոտների համար, այսինքն՝ մայթերը լինեն հարմարավետ, ապահով  եւ, ամենակարեւորը, լինեն նաեւ հետաքրքիր: Հիմա մենք ժառանգել ենք շատ գեղեցիկ Երեւան, հետաքրքիր եւ կոլորիտային կենտրոն, բայց, ցավոք, որոշ փողոցներ, հատկապես՝ հին սովետական շրջանում, ինչպիսինն են Պուշկին, Կողբացի, Փարպեցի, Սպենդարյան, Զարյան, Արամ, Բյուզանդի եւ այլ տարբեր փողոցները, մենք պարտավոր ենք այդ մայթերը լայնացնել: Մենք չպետք է մտածենք, թե որտեղ կայանեն մեքենաները: Եթե միակողմանի փողոց է, միջազգային պրակտիկա կա, ինչպես  Աբովյան փողոցում, ձախ կողմի վրա ընդհնարապես չպետք է մեքենա կանգնի: Մենք պետք է մայթերը լայնացնենք, որպեսզի ավելի հարմարավետ լինի, եւ ինչքան շուտ քաղաքապետարանը հասկանա այդ ծրագիրը, այդքան ողջունելի է: Ուրիշ բան, որ սխալ ու աննպատակ շարժումներ չանենք. օրինակ՝ Աթենքի փողոցը, որ Հաղթանակ կամրջից մինչեւ Հրազդան մարզադաշտ, աջ կողմի վրա մոտավորապես մի քանի հարյուր մետր մայթ բարեկարգեցինք: Միանգամից մի քանի խնդիր լուծեցինք այդ հատվածում: Անցած անգամ բարեկարգեցինք Պուշկին փողոցից մինչեւ Սախարովի հրապարակի հատվածը: Այսինքն՝ հին մայթը հանում, տեղադրում են նորով:

-Հիմա երբ կողքից նայում եք քաղաքի կառավարմանը, ղեկավարմանը, եւ Դուք այդ ոլորտում ու պաշտոնին չեք, ի՞նչ եք տեսնում:

-Մի քիչ կոռեկտ չեմ համարի  պատասխանել: Դուք ամեն ինչ լավ տեսնում ու պատկերացնում եք: Իհարկե,  ես կուզեի, որ քաղաքն ավելի մաքուր լիներ, բակերն ավելի խնամված լինեին, շենքերը լուսավորված լինեին: Շատ բաներ կան, բայց անկեղծ լինեմ. կան նաեւ դրական բաներ, ուղղակի դանդաղ է արվում:

-Պարո՛ն Մնացականյան, Ձեզ նորից տեսնո՞ւմ եք այդ ոլորտում:

-Ոչ: Ինձ քաղաքական եւ պետական պաշտոն չի հետաքրքրում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Քաղաքացիական հասարակության դերը մեր երկրի զարգացման գործում շատ մեծ է, ու երբ 2018-ից հետո քաղաքացիական հասարակությունը մի փոքր պասիվացել էր, պարզվեց՝ դրան զուգահեռ շատացել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը»,- խորհրդարանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հանդիպումը նախաձեռնած Թագուհի Թովմասյանի տեսակետի հետ, թե քաղհասարակությունը փոքր-ինչ պասիվացել է, ինչ-որ առումով համաձայն է: Մեկնաբանում է՝ 2018-ին քաղհասարակության ներկայացուցիչներն էլ բոլորի նման մեծ սպասելիքներ ունեին եկող իշխանությունից:

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանն անդրադառնում է թափանցիկության ու պետական կառույցների հաշվետվողականության խնդրին: Բարձրաձայնում է՝ ՀԿ-ների՝ պետական գերատեսչություններ ուղարկված հարցումները կա՛մ խախտված ժամկետներում են պատասխան ստանում, կա՛մ առհասարակ անպատասխան են մնում: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ահազանգում է՝ 2020-ին գործող իշխանությունը հասարակական կազմակերպությունների մասին օրենքն ընդունել է առանց իրենց հետ հաշվի նստելու: Նա լիահույս է, որ նման գործեալոճը հետագայում չի կրկնվի:

Հանդիպումը նախաձեռնած պատգամավոր Թովմասյանը փարատում է ՀԿ սեկտորի ներկայացուցիչների զայրույթը՝ նշելով, որ անգամ իրենց՝ պատգամավորների հարցումներն են հաճախ անպատասխան մնում: Ավելին՝ հիշեցնում է, թե ինչպես էին կառավարության ներկայացուցիչները Ազգային ժողովի ամբիոնից դժգոհում, թե իրենք հարցերին պատասխանելու համար չեն:

Ամփոփելով հանդիպումը՝ հանձնաժողովի նախագահն ավելացնում է՝ քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման հրավերն ուղարկվել էր խորհրդարանի բոլոր խմբակցություններին, բայց իշխանության ներկայացուցիչները չէին ներկայացել: Ինչ վերաբերում է հանրային ակտիվ գործիչներին թիրախավորելուն, ապա, շեշտում է Թովմասյանը, ատելության խոսքի ու անհանդուրժողականության զոհ են դառնում բոլորը, ու դրա դեմն առնելու բանալին ոչ միայն մենք, այլ աշխարհը չի գտել, չնայած որ ինքն ընդդեմ ատելության խոսքի սեփական բանաձեւն ունի՝ քննադատել առանց վիրավորանքի:

Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԹԱՔՑՆՈՒՄ

ԽՈՏԱՆՎԱԾԸ

 

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի քան մեկ ամիս առաջ Առողջապահության նախարարություն հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե մինչեւ մեր հարցումն ուղարկելու օրը Հայաստանում քանի դեղաչափ պատվաստանյութ է խոտանվել։ Սեպտեմբերի 28-ին նախարարությունը պատասխանել էր մեր հարցմանն ու նշել, որ մինչեւ այդ պահը որեւէ քանակի դեղաչափ չի խոտանվել։

Հարցն ավելի վաղ խորհրդարանում նախարար Անահիտ Ավանեսյանին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր ուղղել։ Նախարարը չէր պատասխանել դրան՝ առաջարկելով հարցադրումները գրավոր ուղղել։ Մեր հարցումից մոտ մեկուկես ամիս անց մեկ այլ լրատվամիջոցի նույնաբովանդակ հարցմանը նախարարությունը պատասխանել է. «2021 թ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից առ այսօր Հայաստանը ձեռք է բերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 389 500 դեղաչափ, որից 27 680-ը պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով խոտանվել է»։

Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ ստացվում է՝ միայն մեկուկես ամսում 27 680 դեղաչափ պատվաստանյութ է խոտնավել, ինչը, համաձայնեք, այդքան էլ արժանահավատ չէ: Ինչպե՞ս կարող էր պատվաստանյութ ձեռք բերելու պահից սկսած՝ մինչեւ սեպտեմբերի 28-ը որեւէ դեղաչափի պատվաստանյութ չխոտանվել, ու միայն մեկուկես ամսում 28 հազարի հասնող դեղաչափ խոտանվել։ Նախարարության՝ մեզ ուղարկած պատասխանը հեռու է տրամաբանությունից նաեւ այն պատճառով, որ մի շարք դեպքերում դեղաչափի մեկ սրվակից ընդամենը մեկ հոգու են պատվաստում, ու դրա մեջ մնացած ծավալի պատվաստանյութը պարզապես անպիտան է դառնում, քանի որ սրվակը բացելուց անմիջապես հետո պատվաստանյուը կա՛մ ամբողջապես պետք է սպառել, կա՛մ ուղղակի խոտանել չօգտագործված մասը, որովհետեւ այն ո՛չ սենյակային, ո՛չ սառնարանային պայմաններում պահել չի թույլատրվում։

 




Լրահոս