ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԻԼԻԹ ԲԱԴԱՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Նոյեմբերի15-ին դերասանուհի Լիլիթ Բադանյանն իր երկրպագուների դատին է հանձնել նոր տեսահոլովակ՝ «Ամենալավ նվերը» երգի հիման վրա։ Դերասանուհին  նոր տեսահոլովակի առթիվ կազմակերպել է գեղեցիկ շնորհանդես եւ կիսվել իր նոր աշխատանքով սիրելի ընկերների հետ: ArmLur.am-ի հետ զրույցում  Լիլիթը պատմել է երգի ստեղծման մանրամասների մասին:

 

Նշենք, որ երգի հեղինակը նրա ընկեր, երգիչ Վլադիմիր Պողոսյանն է, իսկ գործիքավորումն արել է Էմանուել Հակոբյանը:

Դերասանուհու խոսքով՝ երգը ստեղծվել է հատուկ նրա ընկերոջ՝ Հայկի հարսանիքի համար, որը կնոջը երգի տեսքով հարսանեկան անակնկալ նվեր է մատուցել:

«Մտահղացումը եղել է անձամբ Հայկինը, ով որոշել էր գեղեցիկ անակնկալ մատուցել կնոջը երգի տեսքով: Հարսանիքին երգը հնչելուց հետո եղան շատ լավ ու դրական արձագանքներ, եւ միանգամից երգը սիրվեց ունկնդրի կողմից: Մտածեցինք՝ կարելի է թեմատիկ տեսահոլովակ ստանալ: Օգտվեցինք հարսանիքի կադրերից, ինչպես նաեւ նկարահանեցինք իմ մասնակցությամբ կադրեր, որն էլ ավելի գեղեցկացրեց եւ հագեցրեց տեսահոլովակը, եւ արդյունքում ստացանք շատ համեստ տեսահոլովակ: Տեսահոլովակի արձագանքները նույնպես շատ դրական են, եւ, ամենակարեւորը, այն միանգամից սիրվել է, հատկապես կրկներգը շատ հիշվող է եւ մարդկանց հիշողության մեջ երկար է մնում»,-մանրամասնեց Լիլիթը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ի սկզբանե նպատակ չի ունեցել մեծ տեսահոլովակի շնորհանդես անել, բայց սա եւս մեկ հնարավորություն էր ընկերների հետ ջերմ ու լավ օր անցկացնելու.  «Շատ լավ առիթ էր օրս ընկերներիս հետ կիսելու եւ միասին ուրախանալու մեր աշխատանքի հաջողությամբ, նամանավանդ երբ Հայկի հարսանիքից կային կադրեր եւ կյանք կար այդ ամենի մեջ: Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, որ մշտապես իմ կողքին են եւ ինձ հետ միասին ուրախանում  եւ կիսում են իմ բոլոր հաջողությունները»:

Հարցին՝ արդյոք առաջիկայում կլինեն այլ երգեր, Լիլիթն ընդգծեց, որ ինչպես առաջին երգը, այնպես էլ իր բոլոր երգերը ստեղծվել են հանկարծակի՝ առանց պլանավորելու:

«Օրինակ՝ առաջին երգս երգեցի ֆիլմի համար, երկրորդը ընկերոջս հարսանեկան նվեր արեցի: Բացի այդ, մարդկանց անկեղծ եւ դրական արձագանքները ոգեւորում են ինձ, եւ ցանկություն է առաջանում եւս մեկ գործ ներկայացնելու իմ լսարանին: Այս պահին դեռ մտածում եմ նոր գործի մասին, բայց այն կլինի լրիվ այլ ոճում. փակագծերը դեռ չեմ ուզում բացել, քանի որ ամեն բան  կախված է երկրի վիճակից»,-հավելեց դերասանուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ԻՆ

Մեկ տարվա դադարից հետո Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ այժմ արդեն հայտնի է, թե ով մրցույթում կներկայացնի Հայաստանը։

 

«Հայաստանը Եվրատեսիլում» ինստագրամյան էջը հայտնում է, որ երկիրը կներկայացնի 14-ամյա Մալենան։

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Մալենան ծնվել է 2007 թվականի հունվարի 10-ին Հայաստանում: Նա մեծացել է երաժիշտների ընտանիքում: Մալենայի պապիկը կլառնետահար է եւ նվագում է ֆիլհարմոնիկ նվագախմբում։

Պատանի երգչուհին յոթնամյա երաժշտական կրթությունը ստացել է «Սայաթ-Նովայի» անվան դպրոցում, որտեղ սովորել է սոլֆեջիո, երաժշտական գրականություն եւ թավջութակ։ Մալենան նաեւ սիրում է պարել եւ 10 տարեկանից հաճախում է պարի դասընթացների:

Ոգեշնչված R&B երգիչներից եւ ռոք խմբերից՝ 13-ամյա Մալենան սկսեց կիթառ նվագել սովորել, ինչը հետագայում էական դեր խաղաց իր նոր սկսվող կարիերայում:

2020թ.-ին եւս «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ էր ընտրվել Մալենան: Ավելի ուշ, սակայն, Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի մրցույթին: Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն աջակցություն է հայտնել թիմի հարձակվող, «Բարսելոնայի» խաղացող Սերխիո Ագուերոյին, որն առողջական խնդիրների պատճառով բաց է թողնելու առնվազն երեք ամիս։ Բրազիլիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին արգենտինացիները դուրս են եկել Ագուերոյի պատկերով եւ «Չհանձնվե՛ս, Կուն, դու կհաղթահարես» գրությամբ պաստառով։ 33-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի հավաքականում անցկացրել է 101 հանդիպում, խփել 41 գոլ։ Իսպանական մամուլը գրել էր, որ Ագուերոն սրտի առիթմիայի հետեւանքով չի կարողանա շարունակել մրցելույթները։ Կատալոնական ակումբն ավելի վաղ հայտնել էր, որ ֆուտբոլիստը բաց կթողնի երեք ամիս։ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնա»-«Ալավես» խաղում (1։1) Ագուերոն փոխարինվել էր տախիկարդիայի կարճատեւ նոպայի պատճառով։ Առաջին խաղակեսի վերջնամասում նա ծանր շնչառություն, սրտի կծկումների արագացում էր ունեցել։

 

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

«Բարսելոնա» վերադարձած 38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը պարզաբանել է, թե ինչու է ընտրել 8 համարի խաղաշապիկը։ «Անդրես Ինյեստա եւ Խրիստո Ստոիչկով, սա իմ հարգանքի տուրքն է ձեզ։ Շնորհակալություն, որ թույլ տվեցիք վերցնել պատմության համար կարեւոր եւ հաղթանակների հետ կապ ունեցող համարը։ Սա նաեւ եղել է իմ առաջին խաղային համարը Իսպանիա տեղափոխվելուց հետո Սեւիլիայում»,-գրել է Ալվեսը «Ինստագրամ»-ում։ Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբում նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ

Ջանլուկա Մանչինին Իտալիայի հավաքականից «Ռոմա» վերադառնալուց հետո նոր պայմանագիր կկնքի։ Հռոմեական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահում է Մանչինիին եւ նրան համարում է իր նախագծի հիմնական ֆուտբոլիստներից։ Մանչինիի աշխատավարձը կբարձրանա 1 միլիոն եվրոյով, եւ նա կստանա տարեկան 3 միլիոն եվրո, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026 թվականը. հաղորդում է Calciomercato.it-ը։ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։  Մանչինին 2019-ին «Ատալանտայից» է տեղափոխվել «Ռոմա»։

 

 




Լրահոս